ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը հակառակ՝ փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստում խորհրդարանական մեծամասնությունն անակնկալ մատուցեց՝ կողմ քվեարկելով, որ «2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների մասին» «Ելք» խմբակցության հայտարարության հարցի քննարկումը մտնի օրակարգ: Հարցն արդեն օրակարգում է, բայց քանի որ ԱԺ վերջին լիագումար նիստը խիստ ծանրաբեռնված էր՝ միանգամից 4 ընտրություն էր նախատեսված խորհրդարանում, «Ելքը» նախընտրեց հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ լիագումար նիստ՝ այն աննկատ չանցկացնելու համար: Հաջորդ նիստը նախատեսված է մարտի 20-ին, բայց մինչ այդ նույն հարցով կան նաեւ այլ զարգացումներ:
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը եւ այդ կառույցում արդեն քննարկում են, թե ինչպես պետք է արձագանքեն, <<Ռադիոլուրին>> հայտնեցին հենց դատախազությունից: Կառույցի պատասխանը, սակայն, այս պահի դրությամբ դեռ պատրաստ չէ:
Նիկոլ Փաշինյանը դատախազությանը դիմել է երկու պահանջով: Առաջին, որ քննչական խումբն ուսումնասիրի փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը՝ «Բանակի ներգրավվածությունը մարտի 1-2 իրադարձություններին», երկրորդ՝ հարցաքննության կանչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Մինչ օրս մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի բոլոր անդամներին ուղղվում է մեկ սկզբունքային հարց՝ հարցի ուսումնասիրության ժամանակ ինչու օրերից մի օր չհրավիրեցին ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին: Հանձնաժողովի նախագահը Սամվել Նիկոյանը պարզաբանում է՝ խնդիրն այն էր, որ հանձնաժողովը չէր կարող հրավիրել ոչ պաշտոնյաներին: Հանձնաժողովը գնա այլ՝ հրապարակային հարց ուղղելու ճանապարհով՝ ասում է։
Ինչու են այս պահին եւ ընդդիմադիր, եւ իշխանական դաշտից սլաքներն ուղղվում հանրապետության երկրորդ նախագահի ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն առայժմ ձեռնպահ է մնում բոլոր մեկնաբանություններից՝ այդ թվում նաեւ դատախազությանն ուղղված պահանջի մասով: Փոխարենը՝ նախաձեռնությանն արձագանքել են <<Ֆեյսբուք>> սոցիալական ցանցի օգտատերերը:
Նիկոլ Փաշինյանի էջում միայն շուրջ 550 օգտատեր արձագանքել է Գլխավոր դատախազությանը դիմելու նախաձեռնությանը։ Նրանց մի մասը ողջունել են քայլը, մյուս մասը՝ կասկածներ հայտնել, թե որեւէ արդյունք կստացվի: «Վերջապես սայլը տեղից պետք է շարժել»,- գրել է Գայանե Ասլանյանը, Լաուրա Կոստանյանն արձագանքել. «Վաղուց պետք է արվեր»։ Միքայել Պետրոսյանը գրել է հետեւյալը. «Այո, Ռոբերտ Քոչարյանը պիտի հարցաքննվի: Նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանը պիտի հարցաքննվի, թե ինչո՞ւ ժողովրդին տարավ վիշապի բերանը»: Մարգարիտա Մարտիրոսյան. «Դուք էլ գիտեք, որ դրածո ոչ մի դատախազ կամ քննիչ էդ ռեժիմի պայմաններում ոչ մեկին էլ չի կարող կանչել հարցաքննության»:
Նախկին գլխավոր դատախազ, այժմ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Գեւորգ Կոստանյանն այս պահի դրությամբ արդեն կասկած է հայտնել, թե Գլխավոր դատախազությունը կբավարարի Նիկոլ Փաշինյանի դիմումը: Պարզաբանել է, որ Քրեական գործով միջնորդություն անելու իրավունք ունեն գործի, այսինքն` վարույթի մասնակիցները, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ շարքում չէ։