Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ԻԻՀ քաղաքացու պայուսակը գողացած անձի ինքնությունը։
2016 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է ԻԻՀ քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել է «Սամսունգ Գալաքսի» տեսակի բջջային հեռախոս, գումար, բանկային քարտեր, երեք անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և այլ փաստաթղթեր՝ պատճառելով խոշոր չափի վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում մուտքի աստիճաններին նստած օտարերկրացու կողքին դրված պայուսակը և հեռանում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։