Գառնիի «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի դիմաց սկսված շինարարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել:
Մի շարք զբոսավարներ արձանագրել են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տեսարժան հուշարձանից մի քանի մետրի վրա տեղակայվել են փայտե կոնստրուկցիաներ, ընթանում է անհասկանալի շինարարություն, որը կարող է խաթարել բնական հուշարձանի տեսքը:
Ո՞վ, ո՞ւմ թույլտվությամբ եւ ի՞նչ է կառուցում «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի դիմաց՝ «Ռադիոլուր»-ն է փորձել պարզել:
«Քարերի սիմֆոնիայի» դիմաց ընթացող շինարարության մասին Բնապահպանության նախարարությունում տեղեկացել են համացանցում աղմուկից ու լուսանկարներից, որոնցում երեւում է՝ Գառնու ձորում՝ հայտնի «Բազալտե երգեհոնի» դիմաց, տեղադրվել են փայտե կոնստրուկցիաներ: Նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը «Ռադիոլուր»-ին մեկնաբանում է՝ ձորում՝ հուշարձանից մոտ 12 մետրի վրա, կա 180 քմ սեփականաշնորհված տարածք: Այդ տարածքի ու հուշարձանի արանքով անցնում է ձորի ճանապարհը: Այժմ փորձ է արվում պարզել՝ շինարարությունը նշված մասնավոր տարածքո՞ւմ է, թե՞ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ հաստատված սահմաններում, ու որքանո՞վ է ստեղծվելիք կառույցն աղճատում բնական հուշարձանի տեսքը:
«Դա եթե հենց սեփականացված տարածքում է, մենք այնտեղ խնդիր չունենք: Ընդամենը կարող է դիզայնի հետ կապված խնդիր լինի: Պետք է նախագիծը նայել՝ որքանո՞վ է դա այդ գեղեցիկ տեսարանին համահունչ, որ զբոսաշրջիկների համար վանող տեսք չունենա: Կարող է նա զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցելու համար ասենք որեւէ ենթակառուցվածք է ստեղծում, դա մենք միայն կարող ենք խրախուսել»:
Տարածքի սեփականատերը ոմն Ծովինար Համբարձումյան է՝ Գառնիի բնակիչ, շինարարությունը կատարում է նրան պատկանող ընկերությունը: Ի՞նչ իրավական հիմքով է սեփականաշնորհվել տարածքը՝ այլ հարց է: Ամեն դեպքում դա արվել է մինչև հուշարձանին հատուկ կարգավիճակ տալը՝ ասում է Աղասյանը: Բայց եթե նույնիսկ շինարարությունը սեփականաշնորհված տարածքում է, այն ենթակա էր համաձայնեցման, ինչը չի արվել:
«Համենայն դեպս մեզ համար դա նորություն էր, միանգամից իմացանք»:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ է աղմուկից տեղեկացել շինարարության մասին: Ահազանգը ստանալուն պես շինարարությունը կասեցվել է՝ անկախ նրանից՝ ինչ է կառուցվում՝ պարզաբանում է նախարարը: Այժմ փորձում են պարզել շինարարության իրավական հիմքերը: Եթե անգամ այն բնական հուշարձանի սահմաններից դուրս է, բայց կարող է որեւէ կերպ սպառնալ հուշարձանին, ենթակա է կասեցման՝ ասում է Արծվիկ Մինասյանը:
«Օրենքի համաձայն՝ բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող ցանկացած գործողություն, որը հատուկ չէ այդ հատուկ պահպանվող տարածքին, ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Ակնհայտ է, որ այս դեպքում, եթե այն հուշարձանի սահմանում է, միանշանակ ենթակա է վերացման»:
Զբոսավար Յաշա Սոլոմոնյանը երկար ուսումնասիրել է «Քարերի սիմֆոնիայի» անձնագիրը, ապա շտապել Գառնու կիրճ՝ անձամբ պարզելու՝ ի՞նչ է կատարվում:
Հանդիպել է նաեւ տարածքի սեփականատիրոջը, ով մեկնաբանել է, թե իր սեփական տարածքում նախատեսում է զբոսաշրջիկների հանգստի կետ ստեղծել՝ սուրճ, թեյ խմելու վայր: Զրուցակիցս մտահոգվում է՝ ո՞վ ու ինչո՞ւ է առհասարակ այս տարածքը սեփականաշնորհել: Խնդիրն ավելի խորը արմատներ ունի՝ կարծում է Յաշա Սոլոմոնյանը:
«Ես կասեի՝ զարհուրելի կառույց է այստեղ հայտնվում: Փայտաշեն է, իհարկե, ֆունդամենտա լ ոչինչ չկա: Բայց փաստը մնում է փաստ՝ տգեղագույն կառույց է, որը խաթարում է հուշարձանի ողջ տեսքը, իսկ դա օրենքի կոպտագույն խախտում է»:
Բնապահպանության նախարարությունը մոտ մեկ տարի առաջ առաջարկել է «Քարերի սիմֆոնիայի» մաս կազմող «Բազալտե երգեհոնը» հանձնել «Խոսրովի անտառ» պետարգելոցին՝ ուժեղացված ռեժիմով պահպանելու համար: Բայց համայնքի ավագանին մինչ օրս որոշում չի կայացրել: Իսկ այդ ընթացքում՝ 2017-ի մարտին, ձորի հատուկ պահպանվող գոտում տարածք է սեփականաշնորհվել: Դրանից ընդամենը 5 ամիս անց՝ օգոստոսին, արդեն հուշարձանին հատուկ կարգավիճակ է տրվել: Ուշագրավ է 2 դրվագ՝ բացի այն, որ հուշարձանից մի քանի մետրի վրա կատարվող շինարարությունը նախապես չի համաձայնեցվել, ձորի պահպանման գոտում սեփականաշնորհված տարածքն ունի վարելահողի գյուղատնտեսական նշանակություն: Ու հարց է ծագում՝ այդ տարածքում զբոսաշրջային ծառայություններ մատուցել կարելի՞ է, թե՞ ոչ: