Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում «Ռադիոլուրը» օրերս հայտնաբերել է Հանրային ռադիոյի ամենամոլի երկրպագուներից մեկին՝ Անուշավան Գևորգյանին, ում հետ հանդիպումը թեև սկսվել է մարտով, դժգոհություններով, բայց ավարտվել հրաշալի հարցազրույցով, այն էլ ռադիոընդունիչից հնչող բարձր երաժշտության ներքո, որի ձայնը ժողովրդական երգի մոլի երկրպագուն ոչ մի կերպ չի համաձայնել իջեցնել: Պատմական հանդիպման մանրամասները` ռեպորտաժում:
Սյունիքի մարզ. Գյուղ Սառնակունք: Քաղաքից լրագրորղներ են ժամանել, փորձում ենք ծանոթանալ գյուղի առօրյային, սառնակունքցիներին հուզող խնդիրներին: Առաջին հանդիպած բակն եմ մտնում: Աջ ու ձախ երկու տուն, երկուսի դռներին էլ հսկայական կողպեքներ: Մարդիկ հեռացել են՝ կողպեքներին պահ տալով ոչ հարուստ կահ կարասին ու հիշողությունները՝ մինչև հեռանալը: Հեռվից ձայն եմ լսում ու բաց դուռ տեսնելու ակնկալիքով շարժվում դեպի երաշժտության ծանոթ ձայնը՝ կանչելով մարդ կա տանը:
«Արի, արի տեսնեմ ով ես, ինչ ես ուզում»: Սառնակունքցի Անուշավան Գևորգյանն է: Ինքնությունս պարզելով ու հայտաբերելով, որ հանրային ռադիոյից եմ, որի հաղորդմանը, ի դեպ, հենց այդ պահին հետևում էր, անցնում է անողոք հարձակման, ինչին դիմադրելն այլևս անիմաստ է դառնում:
Անուշավան պապի զայրույթը մի կերպ հաջողվում է մեղմել, բայց իջեցնել ռադիոյի ձայնը ոչ մի կերպ չի համաձայնում: Բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս: «Դուք երբ էլ լինի կխոսեք, հազիվ երգ են դրել, պետք է լսեմ»,-ասում է: «Ամբողջ օրը այս վիճակն է: Գիշերն էլ բարձի տակ է դնում ռադիոն»,-կուտակված դժգոհություններն է կիսում կինը՝ տիկին Վալյան:
Ստիպված ենք հարցազրույցն անցկացնել ռադիոընդունիչից հնչող բարձր երաժշտության ներքո: Իսկ հարցազրույցին Անուշավան պապը բոլորովին դեմ չէ :
Զրույցի ընթացքում Անուշավան պապն ավելի է մեղմանում, դժգոհություններն էլ, կարցեք, քչանում են: «Տուն , տեղ, ամեն ինչ ունենք, մենակ հարս չունենք»:
«Սառնակունքում լավ ենք զգում, բայց ամբողջ օրը կռվում ենք»,- ասում են տարեց ամուսինները: Իսկ ինչի շուրջ են նրանց հիմնական վեճերը: «Ռադիոլուր»-ը հասնի Սառնակունք ու չիմանա: Անուշավան պապն ու տիկին Վալյան անկեղծանում են.
«Ջահել ժամանակ որ գլուխն էլ ջարդեի ձայն չէր հանում, իսկ հիմա չոփը գերանա սարքում»:
Անձնական հակամարտություններն ինչ են աշխարհաքաղաքական խոշոր վեճերի համեմատ, որոնց մասին ռադիոն անընդհատ խոսում է, իսկ Անուշավան պապը լսում ու անհանգստանում է: Սիրիայի հարցն ինչ է լինելու, շեն երկիրն ավերեցին, մարդիկ ցիր ու ցան եղան, ուկրաինացիներն էլ քիչ չտուժեցին: Ի վերջո, ինչ են ուզում սառնակունքցի Անուշավան պապը անընդհատ վերլուծում ու չի հասկանում: Բայց հոգու ամենամեծ ցավն ասում է Արցախն է: «Անկիրթ ու բարբարոս հարևան է բաժին ընկել, հետը լեզու գտնել չի լինում, բայց պետք է: Հարցը լուծվեր, մարդիկ հանգիստ ապրեին, երիտասարդները չզոհվեին»,-Անուշավան պապի երազանքն է: