Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը կդառնար 60 տարեկան: Ընկերները նրա մասին պատմելիս առաջինը նշում են. աանկրկնելի էր հատկապես նրա հումորի զգացումը, որը բնորոշ էր միայն նրան: Իսկ ընկերը՝ Պարույր Սանթրոսյանը վկայում է Վահան Հովհաննիսյանի մեկ այլ յուրահատուկ կարողության մասին եւս` կանանց գրավելուն։ «Վահանն ուներ յուրահատուկ տղամարդկային խարիզմա, որի համար կանայք նրան շատ էին սիրում»: Բայց ամենակարևորը նա պետական գործիչ էր, ու չի եղել դեպք, երբ նա կուսակցություն շահերից ելնելով հակապետական գործունեություն ծավալի:
Նրա քննադատությունից չէր նեղանում ոչ ոք, նրա խոսքն ու քայլերը հաստատուն էին, կարծիքն ու տեսակետերը շատերի կողմից էին ընդունելի: Նրա յուրաքանչյուր ելույթ, երբ հնչում էր ԱԺ- ի, միջազգային ամբիոններից կամ էլ հերթական ասուլիսներում, միշտ դառնում էր քննարկման թեմա:
Հանրահայտ «դալաններում ծեծելուց» մինչև «մահացածները կարող են թոշակ ստանալ», նրա ելույթներում արտահայտած մտքերն այսօր կարծես դարձել են թևավոր խոսքեր: Այսօր պետական քաղաքական, դաշնակցական ակնառու գործիչ Վահան Հովհաննիսյանը կդառնար 60 տարեկան:
Ամենաբարդ իրավիճակներում չէր կորցնում հումորի զգացումը: Իրեն հատուկ հումորով բերանի մի անկյունով ժպտալով ասում էր՝ լավ կլինի: Վահան Հովհաննիսյանի ընկեր Պարույր Սանթրոսյանը, ով նրան ճանաչել 1993 թ – ից, «Ռադիոլուր»-ին պատմում է, որ եթե իր կյանքի ճանապարհին չհայտնվեր Վահան Հովհաննիսյանը, ապա կյանքը կարող էր բոլորովին այլ հունով ընթանար:
Վերջին տարիներին Վահան Հովհաննիսյանը նաև ստեղծագործում էր ու արդեն հանդես գալիս որպես գրող: Մահվանից 5 ամիս հետո հրապարակվեց նրա հրապարակախոսություններն ամփոփող «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» խորագրով գիրք։ Այն գրվել էր արդեն հիվանդություն ժամանակ: Պարույր Սանթրոսյանը ասում է, որ այդ հոդվածաշարում նա եղել է առավելագույն անկեղծ, իսկ այդ ժողովածուում զետեղված են երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ նրա մտորումներն ու վերլուծությունները, որոնց հետ ոմանք եղել են համամիտ, ոմանք էլ հնչեցրել են, ինչպես Վահան է ասել մի առիթով, թունոտ մեկնաբանություններ:
Դաշնակցական գործիչներից մեկն ասել էր, որ ամեն անգամ, երբ քաղաքական դաշտում որևէ կարևորագույն իրադարձություն է տեղի ունենում, իրենք միշտ միմյանց հարց են տալիս՝ իսկ այս պարագայում ինչպես կվարվեր ընկեր Վահանը։
Նրան ճանաչողներն ասում են, որ վերջին ամիսներին Հովհաննիսյանի կատակները հիմնականում մահվան մասին էին: Նրա «Մանդիլիոն» վեպը կարծես դարձավ յուրահատուկ բանալի: Գիրքը ընթերցողներին հանձնելուց առաջ Հովհաննիսյանն ասել էր՝ եթե ընդամենը 3 տարի առաջ ինչ-որ մեկն իրեն ասեր, որ վիճակված է մոտ ապագայում ծավալուն գիրք գրել, ընդ որում` գեղարվեստական ստեղծագործություն, ոչ մի կերպ չէի հավատա: «Եվ ես գրեցի «Մանդիլիոն»-ը: Կօգնի՞ այն արթնանալուն, թե՞ ոչ, թողնում եմ Ձեր դատին»,-ասել էր Հովհաննիսյանը: Իսկ գիրքը ուղերձ էր հայ ժողովրդին՝ գնահատելու իր կարևորագույն դերակատարումը համաշխարային արժեքների ստեղծման մեջ: