Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ուսանողները վերսկսել են հացադուլը

$
0
0

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դադարեցրել  են քննարկումները և կրկին հացադուլ են սկսում՝ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և պետական մարմինների հետ քննարկումներում որևէ արդյունքի չհասնելուց հետո։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ միայն իրենց պահանջների բավարարման դեպքում կդադարեցնեն հացադուլը:

«Պայքարելու ենք մինչեւ վերջ»,- Ռադիոլուրին ասել է Դավիթն, ու, անդրադառնալով իրենց գործելաոճը «կապրիզ» բնորոշող պետական պաշտոնյաներին՝ նկատել՝  ներկա ոչ հաշվետու համակարգում իրենք պարզապես կարծում են, որ ամեն ինչ իրենց ուզածով պետք է լինի:

 

Կրկին համալսարան, կրկին փակ դռների հետեւում՝ ինքնակամ, ու կրկին դասադուլ: Տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողական բողոքը նորից բորբոքվում է։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն արդեն ամբողջությամբ ընդունվել է, ընդունմանը հաջորդած քննարկումներն այդպես էլ սպասված արդյունքի չեն հանգեցրել: Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարների հետ հանդիպումների ժամանակ իրենց սկզբունքային առաջարկներից առաջինը  միանգամից մերժվել է: Ծառայություն՝ կրթությանը զուգահեռ մոտեցումն աննպատակահարմար է համարվել:

Երկրորդ առաջարկով՝ պոտենցիալ արժանի մարդիկ պետք է տարկետում ստանային: Նախնական համաձայնությունը տեխնիկական խնդրի է բախվել: Ի՞նչ չափորոշիչներով են սահմանվելու բացառիկ ու հանճարեղ ցուցանիշերը, ո՞վ է վերահսկելու այդ չափորոշիչներին համապատասխանությունը, վերահսկողի՞ն ով է վերահսկելու, ինչպե՞ս են կանխվելու կոռուպցիոն ռիսկերը: Բողոքող տղաները տարակուսում են՝ մարդու ունակությունները կոնկրետ ձեւակերպումներով չեն չափվում, դրա համար էլ իրենք վերջնական տեսքի չեն բերել ու չեն ներկայացրել իրենց ասելիքը:

 

Հենց դա չներկայացնելն էլ բանակցող պետական պաշտոնական կողմում բացատրում են ասելիքի կոնկրետության բացակայությամբ: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հրապարակավ նոր դասադուլն ու ցույցը բնորոշել է որպես կապրիզ: Զաքարյանից մեկնաբանություն ստանալ «Ռադիոլուր»-ին չհաջողվեց, իսկ Դավիթ Պետրոսյանը հայտարարությանն արձագանքեց, թե սա կապրիզ չէ, իսկ ինչպես կբնութագրեն, դա արդեն հարցի այլ կողմն է: Փաստն այն է, որ 2-3 ամսվա իրենց ասելիքը տեղ չի հասնում:

«Երբ համակարգը հաշվետու չէ, երբ համակարգը սպասում է, որ իրենք ինչ ասեն, իհարկե դրա դեմ արված քայլերը պետք է բնութագրվեն որպես կապրիզ»:

Տարկետում տվող հաստատությունների ցանկի հստակեցում, մասնագիտական մոտեցում տարկետման տրամադրմանը ու արժանիների առանձնացում՝ դասադուլ ու հացադուլ հայտարարած տղաների պահանջներն են: Կոռուպցիոն ռիսկեր կան ողջ այս շղթայում: Պետական պաշտոնյաները դրա մասին խոսում են, բայց առանց մանրամասների՝ ասում է Դավիթը:

Տղաները համարում են, որ հարցի իրենց բնորոշմամբ ճիշտ լուծման պատասխանատվությունն իրենց վրա է: Իսկ մինչ այդ տարակուսում են՝ իրենք, այո, փակվել են սենյակում ու հացադուլ հայտարարել, իսկ ինչո՞ւ համալսարանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս մոտենալ իրենց դասասենյակին: Ի դեպ՝ թեմայի շուրջ մեկնաբանություններից հրաժարվեց նաեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles