Մի քանի տարի առաջ շատերը շտապեցին հայտարարել, որ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիր կնքվեց եւ այսուհետ ՀՀ քաղաքացիներն ավելի հեշտությամբ կստանան բաղձալի վիզաները:
Տարիների փորձը, իրականում, ապացուցեց հակառակը՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են մուտքի արտոնագիր տրամադրող միասնական կենտրոնի աշխատանքից:
Հայաստանի արտգործնախարարությունը տեղյակ է, որ արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիների մի մասը խիստ դժգոհ է 2015-ի մայիսից Երեւանում գործող միասնական վիզաների կենտրոնի աշխատանքից: Կենտրոնը թեեւ պետական չէ եւ ենթարկվում է եվրոպական կողմին, բայց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն իրավունք ունի որոշակի միջամտությունների՝ տեղեկացնում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
Իսկ ինչից են դժգոհում քաղաքացիները՝ սպասարկման որակ, ժամանակի վատնում, լրացուցիչ քաշքշուկներ՝ չէ՞ որ միայն կենտրոն այցելությամբ երբեմն գործը չի սահմանափակվում: Հարկ եղած դեպքում քաղաքացին կրկին ստիպված է ընդունելության գնալ համապատասխան դեսպանատուն, բայց պատասխանը ստանալու համար կրկին գնալ միասնական կենտրոն: Եւ այդպես շարունակ գնալ ու գալ:
Տարիներ առաջ միասնական կենտրոնի աշխատանքը հայտնվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Սակայն դա չօգնեց: Կառույցի աշխատանքից ՀՀ քաղաքացիների դժգոհություններն արդեն հասել են նաեւ ԱԺ՝ տեղեկացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Խնդրին տեղյակ են, այն լուծելու վճռականություն կա, բայց պարզապես դժգոհություններով առաջնորդվել չեն կարող: ԱԳՆ-ին անհրաժեշտ են փաստեր՝ ասում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:
Տուրիստական կազմակերպությունների աշխատակիցները փորձում են արդարացի լինել եւ մեզ հետ զրույցներում պարզաբանում են՝ կենտրոնում անհրաժեշտ ծառայությունների կողքին մատուցվում է, ասենք՝ փաստաթղթերի լրացման ծառայություն: Դա մեծապես ավելացնում է հերթերի կուտակման հավանականությունը՝ յուրաքանչյուր փաստաթուղթը լրացնելու վրա զգալի ժամանակ է ծախսվում:
Ինչ վերաբերում է Շենգեն վիզայի ընթացակարգերի դյուրացմանը, ապա տուրօպերատորները փաստում են՝ մինչ այս պահը ոչ մի դյուրացում էլ չի եղել: Եղել է ժամանակ, երբ ԵԱՏՄ-ին միանալուց հետո զգացել են անգամ որոշ խստացումներ, բայց վերջին օրերի նոր իրողություններն ու ԵՄ հետ ստորագրված փաստաթուղթը հնարավոր է նոր փոփոխություններ բերեն դիտարկվող դաշտում: