«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում բազմաթիվ երիտասարդ մասնագետներ երազում են փոխել և փոխում են ոչ միայն իրենց, այլև Հայաստանում ապրող շատ երեխաների կյանքեր: Արուսիկ Զեյնալյանն այդ համարձակ երիտասարդներից մեկն է՝ իր նոր ու ստեղծարար գաղափարներով:
2000 կիլոմետրը (գուցե մի քիչ ավելի, մի քիչ պակաս) անցնել գիտակցված ու երբեք չմտածել հետևում թողածի մասին: Կիլոմետրեր, սահմաններ ու տարածություններ անցնելը Արուսիկ Զեյնալյանի համար պարտադրված չի եղել:
Մոսկվայից Լոռու մարզի Ամրակից գյուղ հասնելու համար հատել է սահմաններ՝ նախ իր ներսի, հետո՝ աշխարհի:
Ամրակիցի 60 հոգանոց դպրոցի անգլերենի 26-ամյա ուսուցչուհին ամենաշատը լռում է իր անցյալի մասին: Անցած 25 տարիներն իրենն են, բայց այդ տարիները չեն որոշողը, թե ինչպիսինն է հիմա:
Ասում է՝ կապը հայրենիքի հետ շատ ամուր է եղել Մոսկվայում ապրած տարիներին։ Հայաստանում հաստատվելու առաջին փորձը ձախողվել է երկու տարի առաջ:
Իսկ լեռներից բացի ուրիշ ոչինչ չտեսած Ամրակիցի երեխաները աշխարհին նայում են իրենց լեռների սահմաններում ու զարմանում, թե ինչպե՞ս է, որ լեռներ չտեսած մարդիկ կան աշխարհում ու հարցնում, թե որտեղ են նրանք ապրում:
Ա՜յ էդքան պատկերացում չունեն, թե ինչ է Մոսկվան՝ ասում է Արուսիկը: Ռուսաստանը գիտեն, թե ինչ է, ծնողների մեծ մասն այնտեղ են աշխատում:
«Բայց մեկ ա ինձ թվում ա իրանց համար դա մի քիչ միֆիչեսկի երևույթ ա: Իրանք իրանց գյուղի կյանքն ունեն: Ինձ թվում ա բոլոր երեխաների մոտ ա էդպես: Հիմա իրանց համար կա իրանց կյանքը ու կա տելեվիզորի կյանքը»:
«Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում Արուսիկը երկու տարի ապրելու ու դասավանդելու է Ամրակիցում: Գյուղ, որն իրեն արդեն շատ հարազատ է: Գյուղից հարցնում ես, մտքով տեղափոխվում է այս բնակավայրի հիմնադրման 1800-ական թվականներ ու սկսում պատմել:
Երազանքս արդեն իրականություն է, մեծ ոգևորությամբ ասում է Արուսիկը, հաստատվել եմ Հայաստանում: Երկու տարին կանցնի, բայց հետ հաստատ էլ չի գնա: Ապագայի պլանները երիտասարդ ուսոցչուհու մտքում են ու կապված միայն Հայաստանի հետ: Կմնա ու կշարունակի ուսուցչական աշխատանքը, հաստատ որոշում է:
«Հետագայում ինչ էլ որ անեմ, նույն ձև կապված կլինի կրթության ոլորտի հետ, նույն ներառական կրթության հետ: Հասկանում եմ, որ ինչ-որ բաներ կփոխվեն, բայց Հայաստանից գնալ չեմ ուզում»:
Արուսիկին ու ճարտարապետ Հայկ Զալիբեկյանին կապողը մոսկովյան տարիներն են ու նոր գերնպատակը: Հայկը կապ չունի ո՛չ «Դասավանդի՛ր Հայաստանի», ո՛չ դպրոցի, ո՛չ աշակերտների հետ: Բայց հանուն այդ նպատակի միավորել են բոլոր ուժերը: Շատ շուտով Ամրակիցը կունենա իր գրադարանը:
« Մի քանի օր առաջ արագ սկսեցինք դրավահավաք, ու այն շատ արագ արձագանք գտավ: Հավաքվել է արդեն մոտավորապես 5 մլն դրամ: Նախատեսում ենք շինարարությունը սկսել դեկտեմբերի 1-ից»:
Երեխաները, ինչպես միշտ, ամենակարևոր դերակատարությունը պիտի ունենան այս գործում՝ ասում է Արուսիկը: Նրանք արդեն անցել են գործի, օգնում են բոլոր աշխատանքներում: Ամեն մեկն իր չափով՝ մեծ ու արժեքավոր:
Նախատեսվում է, որ գրադարանը պիտի դառնա երեխաների ամենատաքուկ անկյուններից մեկը, որտեղ կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ՝ երազում են նախաձեռնողները: Գրադարանում ամեն օր պիտի ավելանան աշխարհին առանց սահմանների նայող աչքեր:
Իսկ երեխաներին ամանորյա նվեր մատուցել ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ ու գրքեր նվիրել գրադարանին: