Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Էներգախնայողության միջազգային օրը` այսօր

$
0
0


Ամեն տարի նոյեմբերի 11-ին նշվում է էներգախնայողության միջազգային օրը: Նպատակը` էներգախնայողության կարևորության վրա հասարակության ուշադրություն սևեռելն է:

SPARE միջազգային կրթական նախագծի մասնակից կազմակերպություններն այս տարի էներգախնայողության օրն անց են կացնում «Էներգաարդյունավետությունն ամենամեծ էլեկտրակայանը կարգախոսով»:

Դրամական ռեսուրսները խնայելու հետ մեկտեղ էներգախնայողությունը օգնում է նվազեցնել կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրներում մարդկության բացասական ներդրումը:

Էներգախնայողությունն ապրելակերպ է, ինչն էապես կարող է նպաստել և մեր շրջակա միջավայրի, և ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանն ունի էներգետիկայի, էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին օրենքներ: Միևնույն ժամանակ, ի տարբերություն շատ երկրների, մեր հասարակությունում էներգախնայողության ընկալում գրեթե չկա՝ նկատում է «Տապան» էկո-ակումբ հ/կ նախագահ, Հայաստանում SPARE միջազգային նախագծի համակարգող Հրանտ Սարգսյանը:

Հրանտ Սարգսյանը նշում է մի քանի միջոցներ, որոնց կիրառումը մեծ ջանք չի պահանջում, սակայն մեծ ռեսուրսներ են խնայվում: Օրինակ՝ սառնարանը պետք է տեղադրել խոհանոցի ամենապաղ վայրում, ուր չեն հասնում արևի ճառագայթները: Ցանկալի է այն տեղադրել տան արտաքին պատի մոտ: Դրա շնորհիվ ավելի քիչ էլեկտրաէներգիա կծախսվի: Փոշեկուլի օգտագործման դեպքում անհրաժեշտ է հաճախակի դատարկել փոշեպարկը:  Հեռուստացույց մութ սենյակում պետք չէ դիտել, հակառակ դեպքում՝ դուք կտնտեսեք էլեկտրաէներգիա և գումար, բայց կվնասեք ձեր տեսողությունը: Վառեք օգտագործումից մնացած մոմի կտորը և այն հերթով «սահեցրեք» ձեր պատուհանների փեղկերի ճեղքերով, անգամ եթե դրանք արտադրված են նոր տեխնոլոգիաներով: Եթե մոմի բոցը չի թրթռում, ուրեմն չկա միջանցիկ քանի, փեղկի ճեղքերը հերմետիկ են փակված:

Կարևորելով էներգախնայողության մշակույթի տարածումը՝  SPARE կրթական նախագծի շրջանակներում «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկան ԿԳՆ որոշմամբ դասավանդվում է որպես լրացուցիչ առարկա: Առարկայի շրջանակներում երեխաներին տեղեկացնում են էներգիայի աղբյուրների տեսակների և դրանց ռացիոնալ օգտագործման ձևերի մասին, սովորեցնում են ինչպես պահպանել ջերմությունը բնակարանում և դպրոցում՝ լավագույնս ջերմամեկուսացնելով պատուհաններն ու դռները։ Ինչպես տնտեսել էլեկտրաէներգիան, ինչպե վարվել կուտակվող կենցաղային աղբի հետ և այլն: Առարկան արդեն մի քանի տարի դասավանդվում է նաև Կոտայքի մարզի Քասախ գյուղի համար 2 միջնակարգ դպրոցում:

Դպրոցի տնօրեն Պայծառ Ղազարյանը  նշում է, որ աշակերտներն այնքան լավ են տիրապետում էներգախնայողության հմտություններին, որ շատերը տանը հայտարարում են իրենց էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարներ:

«Ռադիոլուրի» հարցին, թե որքան էլեկտրաէներգիա է հաջողվել խնայել դպրոցում այս տարիների ընթացքում, տնօրենը դժվարացավ պատասխանել: Միայն նշեց, որ պատշաճ վերահսկողության դեպքում նախատեսված գումարների առնվազն 20 տոկոսը տնտեսում են:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles