Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Թուրքիայում ձերբակալված համշենահայ ամուսինների ճակատագիրը անհայտ է

$
0
0

Համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուի ու նրա կնոջ՝ Նուրջան Վայիչ Աքսուի ճակատագիրը մնում է անհայտ։ Թուրք իրավապահները նրանց ձերբակալել են  սոցցանցերում հրապարակումների համար: Թուրքագետ Մելինե Անումյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Աքսու ամուսինների 8-ամյա որդու՝ Արեւի մասին այժմ հոգում են հարազատները։

 

Թուրքիայի Արդվին նահանգի Խոփա քաղաքում նախորդ շաբաթ բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել համշենցի մտավորական ու ակտիվիստ Ջեմիլ Աքսուն: Մինչ 40- ամյա Ջեմիլին բերման ենթարկելը՝  թուրք իրավապահները նախ ձերբակալել էին մտավորականի 30- ամյա կնոջը՝ Նուրջան Վայիչ Աքսուին, երկու օր անց ամուսնուն:

Երիտասարդ ամուսիններին լռեցնելու համար թուրք իրավապահների համար հիմք են դարձել նրանց համացանցային գրառումները: <<Ռադիոլուրի>> հետ զրույցում թուրքագետ Մելինե Անումյանը, որն անձամբ է ճանաչում Ջեմիլ Աքսուին, մանրամասներ փոխանցեց։ Համշենահայ գործիչը նաեւ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության Խոփայի գրասենյակի համաղեկավարն է։ Նաեւ սա է եղել ձերբակալման պատճառներից մեկը։

Թուրքական gazeteduvar կայքի լրագրողներից Բիրսեն Քայան, անդարադառնալով համշենահայ ամուսինների ձերբայկալությանը, գրել է, որ Ջեմիլը Խոպայում բոլորի աչքն ու ականջն է, մտավորական է, ակտիվիստ եւ գրող: Իսկ Նուրջանը բոլորի կողմից ճանաչված ու սիրված, աշխատող, քարից հաց քամող, միևնույն ժամանակ քաղաքականության մեջ լուրջ դեր ունեցող  կին է: Օրինակ՝ Թուրքիայում սեռական ոտնձգության դեմ ամենահզոր հանրահավաքներից մեկը կազմակերպած խոպացի կանանց շարքում եղել է նաեւ Նուրջանը՝ գրել է Քայան եւ ավելացրել, որ այս կերպ պետությունը Նուրջան Աքսուին ցանկանում է պարտադրել, որ նա դադարեցնի քաղաքական գործունեությունը։

Թուրքագետ Մելինե Անումյանը ներկայացնելով Ջեմիլ Աքսուին հայտնեց, որ ակտիվիստը մինչ այս ձերբակալությունը քաղաքական հայացքների պատճառով շուրջ 9 տարի անցկացրել է բանտերում: «Բավականին լարված վիճակ է Խոպայում: Այսօր պետք է ցույց կազմակերպվեր Արդվինում՝ ի պաշտպանություն երեք ակտիվիստների ձերբակալման դեմ: Այնտեղի մեր մտավորական ընկերները վախենում են իմ հետ ակտիվ նամակագրական կապ ունենալ, քանի որ թուրք իրավապահները կարող են հետեւել նրանց էջերը: Որոշել ենք կապ չունենալ անորոշ ժամանակով»,- ասում է:

Մեկ ուշագրավ փաստ. ամուսինների ձերբակալման օրը համընկել է թուրք ճանաչված հասարակական գործիչ Օսման Քավալայի ձերբակալման հետ։ Միեւնույն ժամանակ միջազգային ճնշումներին տեղիք տալով՝ Ստամբուլի դատարանը գրավի դիմաց օրերս ազատ է արձակել Գերմանիայի քաղաքացի իրավապաշտպան Պետեր Շթոյդներին եւ Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին: Նրանք արդեն լքել են երկիրը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 5- ին ձերբակալված, ապա կալանավորված 11 իրավապաշտպաններից 8-ը արդեն ազատ են արձակվել: Նրանք մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու, ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Ձերբակալվածներից Amnesty International- ի թուրքական մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչի դատավարությունն դեռ շարունակվում է: Մեղադրանքը հաստատելու դեպքում իրավապաշտպաններին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles