«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այսօր վաղ առավոտից մեկնարկել է համապետական երրորդ շաբաթօրյակը, որին Երեւանում եւ մարզերում մասնակցել մոտ 100 հազար մարդ:
Մաքրման աշխատանքների համար օգտագործվել է հազարից ավելի միավոր տեխնիկա՝ ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ և կցասայլեր: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախատեսված է ծառատունկ առանձին բնակավայրերում, ինչպես նաև Եռաբլուր պանթեոնում:
«Հաղթանակ» զբոսայգում եւ հարակից տարածքում առավոտվանից եռուզեռ է, մարդիկ մասնակցում են համապետական շաբաթօրյակի։ Հովհաննես Վարդանյանն առաջին անգամը չէ մասնակցում շաբաթօրյակին։ Ամեն անգամ էլ մեծ սիրով եմ կատարում մաքրման աշխատանքները, բնությունը, մեր քաղաքը մաքուր է պետք պահել՝ ասում է:
«-Շա՞տ էր աղտոտված տարածքը:
-Բավականին, աշուն է, տերևաթափ էր եղել: Հետո մարդիկ էին ցելոֆան ու թուղթ թափել: Միշտ մաքուր պահենք մեր քաղաքը, որ բնությունն ավելի սիրուն լինի, մթնոլորտն ավելի մաքուր լինի, որ առողջ լինենք»:
« Քանաքեռ-Ձեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ի տնօրեն Ջալիլ Կայմազովը սկզբից մինչև վերջ հետևում էր աշխատանքների ընթացքին։ Գոհ է դրանցից և հասարակության ու հատկապես երիտասարդության ակտիվ մասնակցությունից: Վերջինս մեկ խնդրանք- պահանջ ուներ՝ մաքուր պահել շրջապատը:
«Կհորդորեմ բնակչության, որ բնակիչները չսպասեն, որ շաբաթօրյակ լինի, որ նոր մասնակցեն այդ մաքրությանը: Որ ամեն մեկն իր աչքի տեսածը վերացնի պարտադիր չի, որ հենց ամեն անգամ շաբաթօրյակ լինի: Բացի դա էլ՝ կհորդորեմ, որ կան աղբամաններ, դրանից օգտվեն և ոչ նախատեսված վայրերում աղբը չթափեն: Եթե այդ ամեն ինչը նորմալ լինի՝ շաբաթօրյակների պահանջն էլ քիչ կլինի»:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետության 2000- ից ավելի ( 2029) աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1500- ը (1574-ը): Այս պահին հանրապետությունում շահագործվող 298 աղբանոցից փակման են ենթակա 163 –ը: Ծրագրի նպատակն է քաղաքացիական դաստիարակության և բնապահպանական մշակույթի հետևողական ներդրումը հասարակության լայն շերտերի գիտակցության մեջ: