Անշարժ գույքի գների նվազմանը զուգահեռ՝ մեր երկրում նաև գործարքներն են նվազում: Սա պաշտոնական վիճակագրությունն է:
Նվազման հարցում պետական ու մասնավոր կառույցները տարբեր պարզաբանումներ ունեն։
Եթե տնտեսագետներն ու ոլորտի ներկայացուցիչները տնտեսական գործոնով են պայմանավորում, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այն ընտրական գործընթացների հետ է կապում:
«Սպասողական». մեր երկրի անշարժ գույքի շուկան այսպես է բնորոշում ոլորտի ամենամեծ հոլդինգի՝ Ակցեռնի նախագահ Հակոբ Բաղդասարյանը: Զրուցակիցս ընդգծում է՝ կտրուկ վայրիվերումներ չկան: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին ութ ամիսներին կատարվել է 110 հազարից ավելի գործարք (110 291 գործարք)։
2016-ի համեմատ՝ այն նվազել է մոտ 3 (2,7 տոկոսով) տոկոսով: Սարգսյանի խոսքով, օտարման, գրավադրման ու վարձակալության գործարքներն են ավելացել: Կադաստրի պետական կոմիտեի նախագահը գործարքների նվազումը ընտրական գործընթացներով է պայմանավորում։
Այստեղ նա կրկնում է վարչապետի տեսակետը։ Կարեն Կարապետյանը մինչեւ ընտրությունները պարբերաբար հայտարարում էր՝ մարդիկ ոչինչ չեն գնում՝ սպասելով ընտրությունների ավարտին:
Ընտրություններն ավարտվել են, անշարժ գույքի գները շարունակում են նվազել: Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյան.
«Երևանում առաջին կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական արժեքը իջել է շուրջ 2,8 տոկոսով՝ 2016-ի համեմատ: Մարզերում՝ 3,10 տոկոսով: Երևանում ամենաբարձր գները Կնետրոն ու Արաբիկիրում են՝ 452 800 դ, 342 500դրամ մեկ քառակուսի մետրի համար: Ամենացածրը՝ Նուբարաշեն ու Աջափնյակ՝ 226 250, 156 հազար դրամ»:
Գնանկումը, ինչպես գործարքների նվազումը, կադաստրի պետական կոմիտեի նախագահը ընտրական գործընթացներով է պայմանավորում: Վստահեցնում է՝ սա համաշխարհային միտում է:
Տների գները նվազում են, սակայն մեր քաղաքացիների մեծ մասը չի կարողանում բնակարան ձեռք բերել, ինչպես «Ռադիոլուրի» զրուցակիցը: Նա տարիներ շարունակ բնակարան է փնտրում, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել իր գրպանին հարմար բնակարանը:
ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում հիպոթեքային վարկավորման պայմանները բավականին խիստ են:
Անշարժ գույքի հայաստանյան շուկայում ֆինանսների հասանելիությունից բացի ոլորտում երկարամյա փորձ ունեցող Հակոբ Բաղդասարյանն այլ խնդիրներ էլ է տեսնում: ԿԲ խաղի կանոնները մեղմացնում է, սակայն վարկերի տոկոսադրույքների նվազեցումը միայն բավարար չէ:
Անշարժ գույքի շուկայում խնդիրներից ամենակարևորը, ըստ զրուցակցիս, գույքի գնահատման համակարգում է: Բաղդասարյանը նկատում է՝ համակարգը խաթարված է, եւ վերջին թարմ օրինակն է բերում. «Եթե տան շուկայական արժեքը 80 հազար դոլար է, իրենք գնահատում են 50 հազար դոլար»:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն անշարժ գույքի շուկայի սպասողական վիճակն այլ կերպ է բացատրում։ Հայաստանից հեռանում են, մարդիկ նոր բնակարան ձեռքբերելու անհրաժեշտություն չեն տեսնում՝ անգամ կառուցապատողից բնակարան ձեռքբերելիս եկամտային հարկի վերադարձի առաջարկի դեպքում:
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը կանխատեսում է՝ անշարժ գույքի գները առաջիկայում կբարձրանան՝ հասնելով խելամիտ գնի:
«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը շուկայի աշխուժացման միտումներ դեռ չի նկատում: Ասում է՝ գործարար միջավայրը պետք է բարենպաստ լինի, տնտեսությունն ակտիվանա: Շուկայի ակտիվացման համար բարեփոխումներ են պետք: «Տնտեսության վատթարացման առաջին ազդանշան տվող շուկան վերականգնվում է ամենավերջում»,- եզրափակում է զրուցակիցս: