Շուրջ 5000 բնակիչ ունեցող Հայաստանի հարավ-արևելյան սահմանը պահող Մեղրին, գտնվելով համանուն գետի աջ և ձախ ափերին, բաժանվում է Մեծ և Փոքր կոչվող թաղերի, ու «Փոքր թաղում» գտնվող Սուրբ Սարգիս, կամ ինչպես ժողովուրդն է ասում Սուրբ Հովհաննես եկեղեցին այսօր պահպանության կարիք ունի: ԱՄՆ կառավարությունը ստանձնել է ֆինանսավորողի դերը, և ՀՀ մշակույթի նախարարությանը փոխանցելով 450 հազար ԱՄՆ դոլար՝ կաջակցի 17-րդ դարի հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույցի պահպանությանը և հարուստ որմնանկարների վերականգնմանը:
Մեղրին Իրանի Հանրապետությունից բաժանում են պետական սահմանն ու Մայր Արաքս գետը: Ամռանն այստեղ շոգ է, իսկ ձմռանը` ոչ ձյունառատ։ Մեղրին հարուստ է ոչ միայն բերքով, այլև 15-18-րդ դարերին թվագրված պատմամշակութային արժեքներով:
Մեղրի գետի աջ և ձախ ափերին, որը կոչվում են «Փոքր» և «Մեծ թաղեր», գտնվում է 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին ու Սբ. Սարգիս եկեղեցիները: Քաղաքի մոտակայքում է նաև Մեղրու վանքը: «Փոքր թաղի» Սուրբ Սարգիս եկեղեցին օգնության կարիք ունի:
17-րդ դարի հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույցը, որը Կովկասում և Միջին Արևելքում եզակի է, հարուստ է նաև ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրերով, կանգուն մնալու համար կֆինանսավորվի ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից:
Դեսպանն անձամբ է ամռանն այցելել եկեղեցի, տպավորվել որմնանկարների բացառիկությամբ, և պարզել, որ Սուրբ Սարգսում կան առավել վտանգված հատվածներ, որոնք մշակութային գանձեր են, ու փրկության կարիք ունեն:
Այս մասին այսօր նշեց, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհը թվով 10-րդն է, և գումարները տրվում են ՀՀ մշակութային արժեքների պահպանման համար:
«Իր նրբագեղ որմնանկարներով Սուրբ Սարգիս եկեղեցին մշակութային գանձարանի անզուգական արժեք է թե՛ Հայաստանի, և թե՛ աշխարհի համար: ԱՄՆ կառավարությունը կարևորում է այս և այլ մշակութային հուշարձանների ու արժեքների պահպանությանը Հայաստանում, մի երկիր, որ հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ»:
Դեսպանը նաև շեշտեց, որ Սուրբ Սարգիս եկեղեցու, ինչպես նաև այլ հուշարձանների ու մշակութային արժեքների վերակառուցմամբ եւ պահպանությամբ փորձ է արվում աջակցել զբոսաշրջության զարգացմանը ՀՀ մարզերում, որը կարող է դառնալ նաև տնտեսական աճի խթան:
Պայմանավորվածության ամրագրման ու աշխատանքների մեկնարկի համար ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Ազգային պատկերասրահում հանդիսավոր կերպով ստորագրեցին դրամաշնորհի տրամադրման մասին փաստաթուղթ:
Հասմիկ Պողոսյանը նաև նշեց, որ «Փոքր Թաղի» Սուրբ Սարգիս եկեղեցու վերկանգնումը քաղաքաշինական տեսանկյունից նույնպես կարևորություն ունի, քանի որ այն, գտնվելով 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբին կառույց բնակելի տների միջավայրում, վերանորոգմամբ հնարավորություն կտա վերհանել հայ ճարտարապետական նկարագիրը: