Բաց երկնքի քաղաքականություն, զբոսաշրջության զարգացում: Հայաստանն ամեն ինչ անում է տնտեսությունը նաև տուրիզմի օգնությամբ զարգացնելու համար: Սակայն պարզվում է, որ միշտ չէ զբոսաշրջիկների մեծ հոսքը նպաստավոր: Այս տարի մեր երկիր այցելած հյուրերի մի մասն անհարմար իրավիճակում է հայտնվել՝ եկել են Հայաստան ու դժվարանում են հետ վերադառնալ. կտրուկ բարձրացել են ավիատոմսերի գները: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իրավիճակն այսպես է բացատրում ՝ ավիաընկերությունները սխալվել են իրենց հաշվարկներում, պահանջարկն առաջարկից մեծ է: Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստան ավելի շատ այցելել են, քան երկրից մեկնել: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրել է, որ սեպտեմբերի երկրորդ կեսից գները կտրուկ կնվազեն: Տուրիստական գործակալություններում, սակայն, այս լավատեսությունը չեն կիսում:
Այն, ինչ կատարվում է հայկական ավիաշուկայում վերջին մեկ –երկու ամսվա ընթացքում, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը քաոս չի համարում, իսկ տուրիստական ընկերությունները անհանգստացած են: Ոլորտում արդեն քսան տարվա աշխատանքային փորձ ունեցող ընկերություններից մեկի տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում փաստում է՝ ավիատոմսերի գները կտրուկ բարձրացել են գրեթե բոլոր ու հատկապես եվրոպական ուղղություններով: Նաև նշում է՝ չի կարող այնպես լինել, որ բոլոր ավիաընկերություններում ցածր գին ունեցող բոլոր տոմսերը միանգամից սպառվեին:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ունի հարցի պատասխանը. համակարգված աշխատանքի արդյունքում Հայաստանն ավիացիոն միջազգային քարտեզի վրա ավելի տեսանելի է դարձել: Պահանջարկն ավելացել է, առաջարկը՝ մնացել նույնը: Արդյունքնում, պայմանավորված զբոսաշրջային պիկով՝ ավիատոմսերի գները բարձրացել են : Սա, ըստ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, ավիաընկերությունների սխալ հաշվարկի արդյունք է:
Սերգեյ Ավետիսյանի վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկվում է, ավիաընկերություններն էլ փորձում են օդանավերի ու չվերթերի քանակն ավելացնել:
Տուրիստական գործակալություններում, սակայն, փոփոխություններ չեն նկատում: «Որպես ոլորտի ներկայացուցիչ տվյալ պահին ես չվերթերի ավելացումներ չեմ նկատում: Գները բարձրանում են»:
Զրուցակիցս մինչև հոկտեմբեր գների նվազում չի կանխատեսում և խոսում է այն անհարմար իրավիճակի մասին, որում հայտնվել են Հայաստան այցելած զբոսաշրջիկները:
«Այս պահի դրությամբ հյուրեր ունենք Ֆրանսիայից, եկել են Հայաստան. միակողմանի տոմս վերցրեցին եկան՝ մտածելով, որ սեպտեմբերին արդեն տոմսերը մատչելի կլինեն ու կվերադառնան: Սակայն, չեն կարողանում տոմս գնել ու նորից հետ վերադառնալ:
Քաղավիցիայի գլխավոր վարչության պետը թվային տվյալներ է նշում՝ այս տարվա անցած յոթ ամիսներին Հայաստան ավելի շատ ժամանել են, քան Հայաստանից մեկնել: Տուրիստական կազմակերպություններում թվերին վերապահումով են մոտենում:
«Չի կարող այնպես լինել, որ ամբողջ աշխարհը որոշի ու միանգամից Հայաստան գա: Մեզ մոտ տուրիզմն այնքա՞ն է զարգացել, որ բոլորը միանգամից են գալիս Հայաստան»
Զրուցակիցս չի բացառում, որ ավիաընկերությունները համաձայնության են եկել ու միասին բարձարցրել ավիատոմսերի գները: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սրանում համոզված չէ: Փորձեցեինք պարզել նաև, թե խնդրի մասին ինչ են մտածում ՏՄՊՊՀ-ում: Կառույցից մեզ փոխանցեցին, որ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն են սկսել : Հակամենաշնորհային մարմնում կպարզեն՝ ստեղծված իրավիճակում մրցակցային կանոնների խախտում կա՞, թե՞ ոչ: