Ինքնաբուժությունը հղի է վտանգներով: Մասնագետները հորդորում են զերծ մնալ արհեստական վիտամիններ ընդունելուց, առավել ևս երբ չունեն բժշկական ցուցում: Վիտամինների արհեստական կիրառումը ոչ միայն օգտակար չէ, այլև վտանգավոր է կյանքի և առողջության համար՝ նշում են սննդաբանները: Բացառություն չէ նաև ֆոլաթթուն: Ցորենի հարստացումը դրանով հասարակության որոշ խմբերի համար կարող է օգտակար լինել, մինչդեռ որոշների համար խիստ ռիսկային է: Կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ, ահազանգում են մասնագետները:
Ցանկացած դեղորայք կամ վիտամին պետք է օգտագործել բացառապես մասնագետի ցուցումով: Ինքնաբուժության երբեք չի կարելի դիմել: Այն հղի է վտանգերով: Գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը հորդորում է չդիմել արհեստական վիտամիննեով ինքնաբուժության: Նախ պետք է հետազոտվել, ապա համապատասխան ախտորոշման հիման վրա ստանալ անհրաժեշտ բուժում:
Վիտամինները պետք է օգտագործվեն միայն բնական ճանապարհով՝ սննդամթերքի միջոցով: Հակառակ դեպքում՝ դրանց արհեստական կիրառումը ոչ միայն օգտակար չէ, այլև վտանգավոր է կյանքի և առողջության համար, նկատում է սննդաբան Հասմիկ Աբովյանը:
Իհարկե սնունդը վիտամիններով հարստացնելը միջազգային պրակտիկա է: Միևնույն ժամանակ սննդի հարստացումը նախատեսված է բնակչության հատուկ խմբերի համար միայն:
Եթե ցորենի հարստացումից որոշ խմբեր օրինակ կշահեն, ապա որոշ խմբերի դեպքում այն բավականին մեծ ռիսկ է պարունակում: Կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ, ասում է մանկաբույժ Մարի Դարակչյանը:
Մասնագետները շեշտում են, ֆոլաթթուն անհրաժեշտ է օրգանիզմին, բայց այն պետք է օգտագործել բնական ճանապահով: Ի դեպ՝ ֆոլաթթու կա ինչպես մսամթերքի, այնպես էլ կանաչ բույսերի մեջ: Անդրադառնալով ցորենի ալյուրի հարստացման նախաձեռնությանը՝ սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը վստահեցնում է՝ Հայաստանում առողջապահական խնդիրը փորձում են լուծել սննդի միջոցով՝ առանց գիտական հենքի: Այս առումով նա բնական է համարում հասարակության բացասական կարծիքն այս նախագծի շուրջ: Նաև հետաքրքվում. ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում ի՞նչ են անելու աղեստամոքսային խնդիրներ ունեցող հիվանդները, որոնց հակացուցված է ֆոլատը: Վկայակոչելով իր հետազոտությունները՝ փորձագետը նշում է, որ կան մարզեր, որտեղ տասնյակ անգամ գերազանցում են մետաղները, սրան տեղյակ է նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նշում է Պիպոյանը:
Այսպիսով՝ հաշի առնելով ցորենի ալյուրի պարտադիր հարստացման վերաբերյալ բնակչության և մասնագետների բացասական կարծիքը՝ կառավարությունը հուլիսի վերջին կայացած նիստի ժամանակ որոշեց դարձյալ հետաձգել նախագծի շրջանառումը: ՀՀ առողջապահության նախարարությունն առաջնահերթ է համարում հանրային իրազեկումն ու մասնագիտական քննարկումները: