Մոտավորապես 30 տարի առաջ Խոսրովի անտառ արգելոցում կրկին հրդեհ էր: Այն ժամանակ հաջողվեց կրակն արագ մարել եւ վերացնել վտանգը: Քննությունը պարզեց, որ մեղավորը մի պետական պաշտոնյա է, ում անփութության պատճառով բռնկվել էր կրակը: Այս դեպքն այսօր հիշում են բնապահպանները: Ի՞նչ կպարզի այս անգամ քննությունը , դեր ունեցել է արդյոք մարդկային գործոնը՝ այս հարցերի պատասխանները դեռ ժամանակ են պահանջում: Աղետի պատճառած վնասը նույնպես դեռեւս վաղ է գնահատել, թեեւ որոշակի նախնական գնահատականներ արդեն կան:
Բնության Համաշխարհային Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը հաստատում է տեղեկությունները, որ բացի ջրից եւ ավազից, հրդեհի մարման աշխատանքներում օգտագործվել է նաեւ ցեմենտ: Մի քանի պարկ է նետվել, չորացած է եղել եւ ոչ մի օգուտ չի տվել՝ ասում է: Ինֆորմացիայի այս հատվածը անհանգստացնում է բնապահպանների մի մասին: Կա մի խումբ, որը պնդում է՝ թրջված եւ կարծրացած ցեմենտը հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու անտառի վերականման համար:
Խոսրովի արգելոց եւ Արտավանի անտառների հրդեհների առաջին դասերը թերեւս պատմության կրկնությունն է: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս օրերին հիշում է անցյալ տարվա դեպքերն ու համեմատականներ անցկացնում:
Հրդեհների պատճառած վնասների մասին թվերով բնապահպաններն այսօր դժվարանում են խոսել, թեեւ պնդում են՝ վնասները սոսկալի են: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի համար, այլեւ Հարավային Կովկաս տարածաշրջանի, քանզի Խոսրովի արգելոց անտառը հենց տարածաշրջանային նշանակություն ունի:
Փորձենք հասկանալ, թե ինչ կար հրդեհված տարածքներում: Վայոց Ձորի Արտավան համայնքում բնակելի հատվածից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող եղեւնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը հիմնականում վնասեց մոտավորապես 230 հեկտար բուսածածկ տարածք:
Անհամեմատ ավելի մեծ է Խոսրովի անտառ արգելոցի կրած կորուստները: Մոտավոր հաշվարկով 2 733 հեկտար: Այս թիվն է «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեջբերում WWF` Բնության Համաշխարհային Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ով մի քանի օր է, ինչ ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը, փորձում է հասկանալ խնդիրներն ու պետական կառույցներին առաջարկել միջազգային օգնությունը: Ասում է՝ վերջնական գնահատականների համար դեռ ուսումնասիրություններ կանեն անօդաչու թռչող սարքերով եւ սատելիտային նկարներով, բայց 95 տոկոս ճշգրտությամբ կարող են ասել, որ Խոսրովի անտառ արգելոցի 4 տեղամասից երկուսը մասնակի վնասվել է՝ որոշ հատվածներ Խաչաձորի եւ ինչ-որ չափով Խոսրովի տեղամասերում:
Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, ապա Խոսրովի անտառ արգելոցում կան ձկների՝ 9, երկկենցաղների՝ 4, սողունների՝ 30, թռչունների՝ 142, կաթնասունների 50 տեսակ։ Կիսաանապատների կենդանական աշխարհի տեսակների մեծ մասը հազվագյուտ են, ոչնչացման եզրին կանգնած եւ գրանցված են ՀՀ կենդանատեսակների «Կարմիր գրքում»։ Հրդեհի պատճառած վնասի ամենաբարդ հաշվարկն առնչվում է հենց այս հատվածին: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում փորձել են ամփոփել եւ հասկանալ կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը:
Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Խոսրովի անտառ արգելոցին տրամադրել էր 10 հատ 5 լիտրանոց ուսապարկ-տարաներ՝ հենց հրդեհների մարման համար: Այսօր արդեն բնության մատուցած անակնկալը հաստատում է, որ թե նախապես ձեռնարկվող միջոցները, թե ունեցած տեխնիկան հնացած են: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են նաեւ անօդաչու թռչող սարքեր եւ ամենագնաց մեքենաներ, որոնք սակայան, կրկին բավարար չեն արգելոցի տարածքում առկա անհասանելի տեղերի անվտանգությունն ապահովելու համար: