«Աշխատող, արարող մարդիկ են արծվանիստցիները, նրանց միայն արժանապատվորեն իրենց հացը վաստակելու հնարավորություն տվեք Հայաստանում»,-վստահեցնում են Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի բնակիչները: Դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվն այստեղ տարեցտարի ավելանում է: Ոմանց տվյալներով տղամարդկանց 70-80 տկոսը բացակայում է գյուղից: Գյուղացիներն ասում են, որ վերջին շրջանում Ռուսաստանում էլ գործերը «մի բան չեն», տղամարդիկ ամիսներով չեն կարողանում գումար ուղարկել տուն, ու չնայած դրան, տղամարդկանց արտահոսքը դեպի Ռուսաստան չի նվազում:
Դեպի Վանեվան տանող խորդ ու բորդ ճանապարհը արծվանիստցիների միակ հոգսը չէ: Խոպանչիների ցանկից դուրս մնացած համայնքի հատ ու կենտ տղամարդիկ գյուղամիջում հավաքված ոչ միայն Քրքորյանի տրամադրած ու փոշիացած գումարներն են հաշվում, այլև հարկադիր պարապուրդի պատճառով արդեն տասնամյակների վերածված իրենց կորցրած ժամանակը: Տեղում աշխատանք գտնելու մասին այստեղ վաղուց չեն մտածում. 3100 բանկիչ ունեցող Արծվանիստից շուրջ 250 տղամարդ պարբերաբար ուղղություն է վերցնում դեպի Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:
«Վեզ զավակ եմ ունեցել, 18 թոռ, միայն ինձանով Հայաստանը 18 անգամ մեծացել է: Իսկ հիմա մեկ-երկու երեխայից ավել չեն ունենում»,-ասում է տարեց արծվանիստցիներից մեկ:
Համայնքի սոցիալ-տնտեսական պատկերը լավագույնս ներկայացնող փաստաթուղթը, թերևս, պարտացուցակներն են, որոնք կհայտնաբերեք հայաստանյան ցանկացած համայնքի փոքրիկ, հաճախ՝ միակ խանութում: Արծվանիստի գյուղամիջյան խանութի պարտացուցակում վաճառողուհի տիկին Մարգարիտի գրանցած , նրա բնորոշմամբ՝ նիսյա գումարները գերազանցում են տրամաբանական բոլոր սահմանները:
Մարտունու տարածաշրջանի բնակիչների, այդ թվում և արծվանիստցիների աննախադեպ պատվախնդրության մասին վկայող բազմաթիվ օրինակներ թվեցին կանայք. որևէ մեկն այստեղ քաղցած օրը չի մթնեցնում, որովհետև օգնող մի ձեռք հարևանների ու բարեկամների շրջանում միշտ էլ կգտնվի, կանայք հավատարիմ են, տղամարդիկ՝ պատասխանատու՝ ընտանիքի ու հարազատների առաջ: «Աշխատող, արարող մարդիկ են մարտունեցիները, նրանց միայն արժանապատվորեն իրենց հացը վաստակելու հնարավորություն տվեք Հայաստանում». տիկին Մարգարիտի ու նրա առայժմ խիստ անհույս պարտատուի կոչն ուղղված է՝ նրանց բնորոշմամբ՝ ամենավերևներին: