Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Ամուլսարը, հանքարդյունաբերությունը և Սևանի ճակատագիրը

$
0
0


Վերջին տարիներին Սեւանա լճում ձկնային պաշարների վերականգնման դրական միտում է նկատվում: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ վստահեցրել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Եթե պատկան մարմիններում ավելի հետեւողական լինեն եւ հետեւեն մեր գիտնականների տված հետազոտությունների արդյունքներին  եւ առաջարկներին, ապա պաշարների վերականգնման գործընթացն ավելի լավ կընթանա՝ հավաստիացրել է նա: Էվելինա Ղուկասյանը, սակայն, դժվարացել է ասել, թե Սեւանի ձկնային պաշարների վերականգնման այսօրվա դրական միտման վրա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, միաժամանակ նշելով որ որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, անպայման կլինի:


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի համոզմամբ, մինչդեռ, Ամուլսարի շահագործումն, ի վերջո, շատ խիստ վնասելու է Սեւանի ե՛ւ ջրային, ե՛ւ ձկնային պաշարները:

Առայժմ հետազոտություն չկա, թե Ամուլսարի ոսկու հանգի շահագործման ազդեցությունն ինչպիսին կլինի Սեւանա լճի կենդանական աշխարհի վրա: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի խոսքով, սակայն,  միանշանակ է, որ Սեւանի ջրավազանը շատ խիստ վնասվելու է.

«Ակնհայտ է, որ էկոհամակարգի ցանկացած քիմիական փոփոխություն բերում է լուրջ բացասական երեւույթների»:

ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենք հետազոտում են Ամուլսարի տարածքի գետերը՝ Դարբը, Որոտանն ու Արփա գետը: Քանի դեռ հանքերի շահագործում տեղի չի ունենում, հետեւաբար գետերի վրա ազդեցությունը դեռեւս չի դրսեւորվում:

«Բնականաբար որոշակի ազդեցություն կլինի: Մեր նպատակն էլ հենց դա է, որ մենք հետազոտությունները սկսել ենք այն պահին, երբ դեռ ազդեցություն չկա, որպեսզի համեմատական առումով, եթե որեւէ վտանգ սպառնա, մենք բարձրացնենք մեր ձայնը»:

Էվելինա Ղուկասյանն ասաց, թե ինքն անձամբ դեմ է հանքարդյունաբերության այն տեմպերին եւ մեթոդներին, որոնք գործում են Հայաստանում.

«Որովհետեւ բաց հանքերի շահագործումը բավականին լուրջ վնաս է հասցնում բնությանը: Բայց այսօր պնդել, որ նրանք մեր ջրային ռեսուրսների վրա արդեն ազդեցություն ունեն՝ մենք չենք կարող, որովհետեւ նման բաներ չենք հայտնաբերել»:

Արմեն Սաղաթելյանը պարզաբանեց այն հանգամանքները, որոնց առկայությամբ էլ անխուսափելի են լինելու ջրավազանի վրա վնասակար ազդեցությունները եւ, ի վերջո, ի չիք են դարձնելու Սեւանի ձկնային պաշարների վերականգնման ջանքերը.

Էվելինա Ղուկասյանը խոստովանեց, որ իրեն վախեցնում են երկրաբանների դիտարկումները՝ հավելելով, որ ինքն, ամեն դեպքում, կգերադասեր, որ այդ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը չզարգանար:

Քանի դեռ Ամուլսարի հանքավայրի շահագործումն սկսված չէ՝ ձկնաբուծության զարգացման ծրագիրը նպաստում է, որ ձկնային պաշարների վերականգնման դրական միտում արձանագրվի: Էվելինա Ղուկասյանի փոխանցմամբ՝ դրա արդյունքում այսօր Սեւանա լիճը հարստանում է իշխանի պաշարներով, առանձնյակներով: Նա նաեւ նկատեց, որ թեեւ այսօր լճում առկա են մեծաքանակ սեռահասուն առանձնյակներ, այդուհանդերձ, խնդիր է իշխանի զարգացումը գետերում՝ բնական ձվադրում ապահովելու առումով:

Ըստ հետազոտության՝ ընդհանուր արդյունագործական չափի կենդանիների քանակը 450 տոննայի է հավասարվել՝ 1-1.5 տոննան իշխան է, մոտ 100-ը՝ արծաթափայլ ծածան, մնացածը՝ սիգ: Լճում շատ քիչ են քուռի եւ կողակի պաշարները. հետազոտությունների ընթացքում եզակի առանձնյակներ են հանդիպում եւ այդ ձկնատեսակներն արդեն ընդգրկված են «Կարմիր գրքում»: Ինչ վերաբերում է 80-ականներին լճում հայտնված խեցգետիններին. Էվելինա Ղուկասյանի ձեւակերպմամբ՝ դրանք մեզ համար բնության շնորհներից մեկն էին,  քանի որ սնվում են կուտակված օրգանական տիղմով՝ նպաստելով լճի մաքրման գործընթացին: Այդ դերը նախկինում կատարում էր կողակը, որի քանակը խիստ կրճատվել է, հիմա էլ արդեն կրճատվում է  խեցգետնի քանակը:

Եթե պատկան մարմիններում ավելի հետեւողական լինեն եւ հետեւեն մեր գիտնականների տված հետազոտությունների արդյունքներին  եւ առաջարկներին, ապա պաշարների վերականգնման գործընթացն ավելի լավ կընթանա՝ եզրափակեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրենը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Latest Images

Trending Articles