Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Վաղը տոնելու ենք Վարդավառը՝ Քրիստոսի Պայծառակերպության օրը

$
0
0


Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 23-ին: Այդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որի ժամանակ հավատացյալներին կներկայացվի  Պայծառակերպության տոնի խորհուրդը: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Այս տոնը նշանավորվում է ինչպես  հոգևոր խորհրդով, այնպես էլ ժողովրդական ավանդույթներով:

Վարդավառ կամ Պայծառակերպության տոն, Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է է։ Նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնը հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա իր երեք աշակերտներին աստվածային փառքով երևալուն,  որը նկարագրում են Ավետարանները: Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: «Երբ աղոթքի կանգնեց եւ Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց: Հիսուս աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով»,-գրում է Ղուկաս ավետարանիչը:

Հայ եկեղեցու սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասում է, որ այստեղից եւ ծագել է տոնի անունը`«Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն» անվանումը։

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտությունն է: Վարդավառ ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հերքում է այն կարծիքը , թե եկեղեցին չի ընդունում ժողովրդական ավանդույթները։ «Եկեղեցին հարգում է ժողովրդական տոնակատարությունները: Ավելին, այդ տոնակատարություններին մասնակցում են նաև հոգևորականները, այդ թվում և ինքը՝ ավագ քահանա Մալյանը»։

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, նույնպես եւ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:Այդ օրը Հայ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ եւ Անմահ պատարագ՝ ի հիշատակ ննջեցյալների, կատարվում է նաև ոգեհանգստյան կարգ:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles