Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում այլևս արգելված են օրենքով: ԱԺ 2016 թվականի հունիսի 29-ին ընդունած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով կարգավորվեցին հղիության արհեստական ընդհատման չհիմնավորված դեպքերը։Ինչպիսի՞ն է ժողովրդագրական պատկերը Հայաստանում, և արդյո՞ք պտղի սեռով պայմանվորված ընդհատումները սպառնում են տղա- աղջիկ հարաբերակցությանը։
Հայաստանում անկախությունից ի վեր գրեթե երկու անգամ նվազել է ծնելիությունը։ Պատճառները՝ սոցիալական ունեն, որն ածանցվում է արտագաղթի բացասական ազդեցությամբ և սպառնում Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին։ Սպառնալիք են նաև ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները:
Հայաստանում սեռով պայմանավորված ծնունդների անհամապատասխանություն արձանագրվել է դեռևս 1993- 94 թթ-ից: Անհամապատասխանությունը հիմնականում պայմանավորված է տղա երեխաների անհամեմատ մեծ թվով, մինչդեռ 100 աղջկա հաշվով կենսաբանորեն պետք է ծնվի 102-106 տղա երեխա:
Վերջին մի քանի տարիներին ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը ծնունդների որոշակի կայունացում է նկատում, ինչը, ըստ նրա, ողջունելի է: «Վերջին երեք տարիների ընթացքում ցուցանիշը կայունացում է արձանագրել՝ 100 աղջկա հաշվով 113 տղա: Եթե դիտարկենք մարզային կտրվածքով` խիստ տարբերակումներ կան: Ամենաբարձր սեռային տարբերակումները գրանցվել են Գեղարքունիքի մարզում՝ 123 տղա 100 աղջկա հաշվով համամասնությունը պահպանվել է: Եվ կա խնդիր»,- ասում է:
Իսկ սելեկտիվ աբորտի խնդիր առաջին երեխայի դեպքում չկա, երկրորդի դեպքում՝ հավանականությունը փոքր է, իսկ երրորդի պարագայում արդեն պատկերն այլ է։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեկան միջինը 1500- 2000 աղջիկ չի ծնվում: Սկսած 1993 թվականից Հայաստանում մինչև 21 տարեկան 50 հազար տղա ավելի է ծնվել, քան՝ աղջիկ: Հռետորական հարց է ծագում, ինչպե՞ս պետք է գտնեն մեր տղաներն իրենց զույգին:
Ո՞րն է հիմնական խնդիրը, որ առաջ է բերում սեռով պայմանավորված հղիության ընդհատում։ Մասնագետները առաջին պատճառ նշում են մտածողությունը, որը ծնողների կողմից սեռերի նախապատվության ժամանակ տրվում է տղաներին: Մանկաբարձ- գինեկոլոգ Պավել Սոցկին, ով ամենօրյա շփում ունի ապագա մայրերի ու նրանց սկեսուրների, ինչպես նաև բարեկամների հետ, շեշտում է՝ մտածողությունը պետք է փոխվի բոլորի մոտ, այլապես ծնունդների սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չի ծնվի 92 932 աղջիկ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների, ինչպես նաև բնակչության թվաքանակի նվազման:
Ապագա մայրերի և արդեն իսկ մայրական բերկրանքը մեկ, երկու անգամ ճաշակածների, հայրերի մտածողությունը փոխելուն զուգահեռ հարկավոր է նաև աշխատել ապագա բժիշկների հետ: Այս կարծիքին է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գոհար Անտոնյանը:
Շուրջ 6 տարի է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվում է Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի ծրագիրը, ըստ որի հասարակության շրջանում բարձրացվում է իրազեկվածության մակարդակը։ Արդյունքներ կան՝ շեշտում է Գոհար Անտոնյանը, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին էլ հավելում է, որ իր գործունեության ընթացքում չի հանդիպել կնոջ, ով չընդհատելով հղիությունը՝ զղջա դրա համար։ Փոխարենը շատ է հանդիպել կանանց, ովքեր դիմել են հղիության արհեստական ընդհատման և զղջացել են, բայց արդեն ուշ է եղել: