Անգամ պահանջված մասնագիտությունների դեպքում շատ շրջանավարտներ հմտությունների բացակայության պատճառով կամ գործազուրկ են դառնում, կամ աշխատանք են գտնում ոչ իրենց մասնագիտությամբ։ Բայց արդյո՞ք խնդիրը միայն բուհ-աշխատաշուկա կապի մեջ է: Ամեն ինչ սկսվում է մասնագիտական սխալ կողմնորոշումից՝ լրագրողների հետ զրույցում նկատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը: Խնդիր կա նաև բարձրագույն կրթության համակարգում: Հաճախ շրջանավարտները աշխատաշուկա են մտնում թերի գիտելիքներով, ուստի գործատուն ոչ այնքան կարևորում է, թե որ բուհից է շրջանավարտը, որքան նրա մասնագիտական հմտությունները՝ նշում է բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանը:
Բուհական ընդունելության քննաշրջանը շարունակվում է: ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հատկացվել է 18000 վճարովի և 1641 անվճար տեղ: Միայն Երևանի պետական համալսարանը 52 մասնագիտությունների գծով հատկացրել է 3000 վճարովի և 368 անվճար տեղ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը: Այս տարի 2-ական անվճար տեղ էլ հատկացված է «Իրավագիտության» և «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետներում:
Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս դիմորդները ամենաքիչը հետաքրքրված են բնագիտական մասնագիտություններով: Թեև կոնկրետ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում վերջին տարիներին բնագիտական մասնագիտությունների ուղղությամբ հետաքրքրության տեղաշարժ կա, ինչը մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը ողջունում է:
Ընդհանուր առմամբ՝ այս բուհը ընդունելություն է կատարում 43 մասնագիտությունների գծով: Թերևս ամենապահանջված մասնագիտություններն այստեղ բանասիրությունը, հոգեբանությունը, տարրական մանկավարժությունն ու մեթոդիկան, լոգոպեդիան, գործիքային կատարողականությունը և պարարվեստն են:
Հնարավոր է, որ պարզապես տվյալ դիմորդները մանկուց են երազել ֆիզիկոս կամ աշխարհագրագետ դառնալ: Այս դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ տվյալ դիմորդն իսկապես լավ մասնագետ կդառնա բուհն ավարտելուց հետո: Ի վերջո՝ ոչ այնքան կարևոր է դիպլոմը, որքան մասնագիտական հմտությունները՝ նկատում է բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանը: Ավելին՝ այսօր աշխատաշուկան մի շարք մասնագետների կարիք ունի, որոնք ոչ միայն պահանջված չեն դիմորդների կողմից, այլև կրթական հաստատությունները որոշ մասնագիտություններ անգամ չեն դասավանդում:
Համաձայնելով Գրիգոր Առաքելյանի դիտարկմանը՝ ընդունող հանձնաժողովի քարտուղար Արտաշես Մարտիրոսյանը կարծում է, որ պետք է ուսումնասիրել աշխատաշուկայի նոր պահանջները և ըստ այդմ վերանայել նաև բուհական մասնագիտությունները: