Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Հանրապետական մաղթանք` Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում

$
0
0

Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն  Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների,  նախօրեին կատարվել է Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Արարողությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ:
Եկեղեցու ղողանջների ներքո եկեղեցականների թափորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Արցախի Հանրապետության նախագահին առաջնորդել է եկեղեցի, ուր հավաքված ժողովուրդը ցնծությամբ ողջունել է Հայոց Հայրապետին։

Հանրապետական մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել ներկաներին։

«Գոհություն ու փառք ենք մատուցում Տիրոջը, որ առիթն ունենք Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ գտնվելու օրհնյալ մեր Արցախ աշխարհում և ազատագրական մեր պայքարի խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում կատարելու Հանրապետական մաղթանք՝ հայցով առ Աստված, որ խաղաղ ու անվրդով պահի Արցախի և Հայաստանի սահմանները և Իր արարչական սերն ու խնամքը հովանի դարձնի հերոսական արցախահայությանը:

Այս օրերին մեր ժողովուրդը տոնախմբում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը՝ պանծալի հոբելյանը մեր նորօրյա պատմության ամենանշանակալի իրադարձության: Մենք վերստին արժևորում ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները և խոնարհումով հիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն Արցախի ազատության և մեր hայրենիքի ապահովության:

Նախորդ երկուսուկես տասնամյակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման և հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ մենք տակավին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականության ամրապնդման և մեր հայրենքի սահմանների անվտանգության ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը:
Արցախահայությունը՝ հակառակ ամեն դժվարությունների, շարունակում է հերոսաբար տոկալ և իր հարազատ հողի վրա կառուցել իր բարօր ապագան:

Արցախի այս սուրբ հողում երբևէ չի տկարացել հայի հավատքն ու հայրենասիրությունը: Մեր երկրատև պատմության ընթացքին մեկ անգամ չէ, որ թշնամիները բախվել են արցախահայության աննկուն կամքին և ընկրկել նրանց խիզախության առջև: Այստեղ ապրող մեր ժողովուրդը երբեք չի համակերպվել և չի համակերպվելու անարդարության ու բռնութիւնների հետ: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման և Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին:

Անցնող 25 տարիներին Արցախը դարձել է ոգին մեր ժողովրդի միասնականության, մեր հաղթանակի, ազգային մեր զարթոնքի խորհրդանիշը: Արցախի շուրջ համախմբվել է ջանքն ու ջիղը համայն հայության, թև առել հաղթանակների վստահությունն ու տեսիլքը: Արցախը սրտում է համայն հայության, որը նրա անկախության պաշտպանն ու երաշխավորն է:

Տարակույս չունենք, որ արցախյան հիմնախնդիրը մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ առաջնորդելու է բարվոք լուծման: Առաքյալի խոսքի համաձայն. «Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատքը»: Մեր կրած դառնությունների, զրկանքների ու չարչարանքների, մեր թանկ զոհողությունների դիմաց այս սուրբ հողում ընդմիշտ շարունակելու է ծաղկել ու զորանալ հայ կյանքը: Մեր վանքերում նորանոր ընտանիքներ են օրհնվելու և հայ մանուկներ են մկրտվելու մեր եկեղեցիների սուրբ ավազաններում՝ նոր շունչ բերելով մեր կյանքին, շունչն ու ոգին վառ հավատքի, պայծառ մտքի, արարումի ու առաջադիմության», — ասել է  Վեհափառ Հայրապետը։

Բարձրյալի զորակցության հայցով Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն է բերել ԼՂՀ նախագահ տիար Բակո Սահակյանին և պետական ավագանուն՝ մաղթելով նոր ձեռքբերումներ իրենց հայրենաշեն գործերում: Գարեգին Բ Հայրապետն իր օրհնությունն ու բարձր գնահատանքն է բերել Հայոց բանակի սպաներին ու մարտիկներին՝ աղոթքով, որ Տերն ամուր ոգով ու հաղթական բազկով պահպանի հայրենյաց պաշտպաններին և Իր Աջի հովանու ներքո հեռու պահի վտանգներից ու փորձություններից:

Հայոց Հովվապետը նաև իր օրհնությունն է բերել Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և թեմի հոգևոր դասին՝ հայցելով Տիրոջ շնորհները իրենց նվիրական առաքելության մեջ:

Օրհնելով Արցախի հերոսական ժողովրդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է շարունակել ապրել սիրով առ Աստված, առ Սուրբ Եկեղեցին և հայրենիքը, առաջ ընթանալ աներկբա հույսով, որ ցանկացած փորձության միջից էլ ավելի հաղթական են դուրս գալու Բարձրյալի միջոցով:

Վերստին աղոթք բարձրացնելով առ Աստված հայրենիքի խաղաղության և  սահմանների ապահովության համար՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավորի զորակցությունը Արցախի ժողովրդին: Նորին Սրբությունը մաղթել է, որ Ամենակալ Աստված օրհնի Հայաստանն ու Արցախը և ապավեն լինի մեր ժողովրդին՝ ի կատար ածելու ազգային իղձերն ու նպատակները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Ս. Խաչելության պատկեր է նվիրել։


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles