Ինչ արդյունքներ է գրանցել կոռուպցիայի դեմ կառավարության հայտարարած պայքարի հերթական փուլը՝ թեմային այսօր անդրադարձել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Մայիսին հանրապետության վարչապետը, հիշեցնենք, հայտարարել էր, որ կառավարությունը կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի նոր փուլ է սկսում՝ խնդիր դնելով բարձրացնել պետական ծախսերի արդյունավետությունը: Oստ Հոկտանյանի՝ վերջին ամիսները հակակոռուպցիոն պայքարի ակտիվությամբ աչքի չեն ընկել: Հակակոռուպցիոն կենտրոնն առայժմ տեսանելի արդյունքներ չի արձանագրում ու սպասում է կառավարության կողմից խոստացված օրենսդրական փոփոխություններին:
Մեկ տարվա գործունեությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եկավ այն եզրակացության, որ հակակոռուպցիոն քաղաքականության գործող մոդելը թերություններ ունի՝ մասնավորապես ինստիտուցիոնալ, գործառութային առումներով անկախ չէ և լուրջ վերափոխման կարիք ունի, կառավարության օգոստոսի 18-ի նիստում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այդ հայտարարությունը վերջին ամիսներին հակակոռուպցիոն պայքարի քիչ թե շատ ուշագրավ հիմնական կետն է համարում: «Կառույցը, որը խորհրդակցական մարմին է, որը գործում է վարչապետի ղեկավարությամբ, չէր կարող արդյունավետ լինել և չի էլ եղել որևէ երկրում: Մենք բացառություն չեղանք: Եվ հիմա իսկապես դրվել է անկախ մարմնի ստեղծման հարց»:
Հնարավոր է, որ նման կառույցի ստեղծման առաջարկը ներառվի այն օրենսդրական փաթեթում, որը կառավարությունը նախատեսում էր սեպտեմբերին Ազգային ժողով ներկայացնել: Համենայն դեպս՝ այդ խոստումն ԱԺ ամբիոնից գարնանային նստաշրջանի ավարտին հնչեցրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը՝ արձանագրելով, որ փաթեթը իրավական հստակեցումներ կառաջարկի մի քանի առանցքային հարցերի համար: Գործադիրը, օրինակ, խնդիր է տեսնում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրման գործող կարգի մեջ: «Հայտարարագրերի բովանդակությունը մեր կարծիքով էապես պետք է փոխվի»,- ասում է։
Կառավարությունը խոսում է նաև ապօրինի հարստացումը քրեականացնելու մտադրության մասին՝ խոստովանելով, որ սա ավելի բարդ խնդիր է, քանի որ բացի այն, որ պետք է հասկանալ, թե որն է ապօրինի հարստացումը, պետք է նաև ապացուցել՝ ով է հարստացել օրինական, ով՝ ապօրինի ճանապարհով: Դավիթ Հարությունյանը որոշակիորեն բացահայտել էր, թե որ մոտեցմամբ է առաջնորդվելու կառավարությունը: «Այն պետական ծառայողը, որի գույքի ու եկամուտների ավելացումը չի համապատասխանում օրինական եկամուտներին, պարտավոր է ապացուցել, թե ինչ օրինական աղբյուրներից է օգտվել: Այսինքն, օրենքով պաշտոնյան պետք է պարտավորություն ունենա հիմնավորել իր ծախսերի կամ գույքի զգալի աճը , դրանց և օրինական եկամուտների միջև անհամամասնության առկայությունը»:
Այս մտադրություններին հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը ծանոթ է, սպասում է այն փաթեթին, որտեղ դրանք իրավական ձևակերպումներ կունենան: Հարցին, թե արդյոք այդ քայլերը կփոխեն իրավիճակը, նախընտրում է պատասխանել նախագծերին ծանոթանալուց հետո: «Քաղաքական կամք է պետք. մենք սա կրկնել ենք, կրկնում ենք և կրկնելու ենք»:
Հոկտանյանի լավատեսության հիմքը լավատեսական չէ: Նրա գնահատմամբ՝ իրավիճակն այնպիսին է, որ պարզապես պետք է ստիպի իշխանություններին լրջագույն քայլերի դիմել: «Իշխանությունները ի վերջո պետք է ասեն, որ այսպես այլեւս շարունակել հնարավոր չէ, ու արվեն քայլեր, որ նույնիսկ կվնասեն իրենց շահերին»։
Ի դեպ, ԱԺ հերթական՝ 10-րդ և այս գումարման խորհրդարանի համար նախավերջին նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 13-ին: Կառավարության խոստացած հակակոռուպցիոն փաթեթը պետք է փնտրել նստաշրջանի մեկնարկին խորհրդարանի կողմից հաստատվող մեծ օրակարգում։