Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Կստեղծվի Տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտ

$
0
0

lusinevasilyan

Արդարադատության նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծ է մշակում. առաջարկվում է վերանայել գործող օրենքի հիմնական սկզբունքները: Նպատակը, ինչպես պատասխանատուներն են վստահեցնում , ավելի կենսունակ  և կիրառելի փաստաթուղթ ունենալն  է, տեղեկատվություն ստանալու մեխանիզմների պարզեցումը:  Այսօր ներկայացվել է նոր օրենքի հայեցակարգը:

 

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականին: Կիրարկման 13 տարիները ոլորտի պատասխանատուներին բերել են այն համոզման, որ  նոր  փաստաթուղթ  մշակելու անհրաժեշտություն կա:

Արդարադատության փոխնախարար  Սուրեն Քրմոյանն ասում է՝ գործող օրենքն ամբողջությամբ չի կարգավորում ոլորտը, փոփոխություններ են առաջարկվում, որոնք   փորձելու են պարզեցնել տեղեկատվություն փնտրելու ու ստանալու մեխանիզմները: «Մասնավորապես, գործող օրենքում էլեկտրոնային հարցումների հետ կապված հարաբերությունները ամբողջությամբ կարգավորված չեն: Գիտեք՝ մեր հասարակությունը ինչքան շատ է օգտագործում կապի միջոցները, համացանցը: Փորձել ենք գտնել այն բացերը, որոնք կան օրենսդրության մեջ և լրացուցիչ մեխանիզմներ ամրագրել ՝ էլեկտրոնային հարցումների հետ կապված»:

Նոր օրենքով փորձ կարվի հստակեցնել նաև հարցման պատասխանին ներկայացվող պահանջները:  Գործող օրենքում չկա որևէ դրույթ, որը կնշի, թե հարցման պատասխանն ինչ ձև, ծավալ ու բովանդակություն պետք է ունենա: Սրա արդյունքում պետական կառույցները այս կամ հարցմանը հաճախ ձևական, թերի կամ խիստ ընդհանրական պատասխաններ են տալիս՝ ըստ էության ֆորմալ պատասխան տալով, բայց չպատասխանելով բուն հարցին: Պահանջների հստակեցումը նրանց կզրկի այս հնարավորությունից՝ ասում են նոր հայեցակարգի հեղինակները:

Մեկ այլ փոփոխություն, որ նորից կարևոր են համարում. հնարավորինս կհստակեցվի  անձի ՝ ինքն իր մասին տեղեկություններ ստանալու իրավունքի շրջանակները: «Մասնավորպես, կբացառվի դրանց համար գանձումներ կատարելը»:

Նոր կարգավորումներից մյուսն էլ վերաբերում է տեղեկատվության պրոակտիվ հրապարակմանը: Այս սկզբունքի էությունն այն է , որ տեղեկատվություն տնօրինող մարմինները ոչ թե սպասեն հարցումների, այլ  սեփական նախաձեռնությամբ հրապարակեն իրենց գործունեությանն առնչվող կարևոր տեղեկությունները: Գործող օրենքը պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների  որոշակի ցանկ սահմանում է՝ օրինակ բյուջեների կամ գնումների վերաբերյալ, բայց, ըստ փորձագետների, որևէ պետական կառույց պատշաճ չի իրացնում իր այդ պարտականությունը: Բացը հարցումներով փորձում են լրացնել հիմնականում ՀԿ-ներն ու լրատվամիջոցները:  Նոր օրենքով փորձելու են սա պարտականություն դարձնել պետական կառույցի համար:

Նոր օրենքի մշակման արդյունքում, ըստ ներկայացված հայեցակարգի, հնարավոր է ստեղծվի նաև նոր մարմին: Հայեցակարգում այն  նշվում է որպես Տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտ: Ըստ արդարադատության փոխնախարարի՝ տարբեր մոտեցումներ կան: Հնարավոր է համարվում թե անկախ ինստիտուտի, թե  արդարադատության նախարարության համակարգում գործող կառույցի ստեղծումը: Թե որի վրա կկանգնի ընտրությունը, ըստ Սուրեն Քրմոյանի, ցույց կտան հանրային քննարկումները:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles