«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ իրականացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից իրականացվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ հետազոտություն և պարզել, որ ոլորտը կոռումպացված է և համապատասխան զեկույցը ներկայացրել է նախարարությանը: Այս եզրակացության հետ սակայն նախարարությունում համաձայն չեն: Նախարարության ներկայացուցիչը նկատել է, որ հետազոտությունն իրականացվել է միակողմանի, բացառապես շահառուների շրջանում իրականացված անանուն հարցման միջոցով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից իրականացվող ծառայություններում առկա են կոռուպցիոն դրսևորումներ: «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ այս եզրակացությանն է հանգել վերջին 6 ամիսների հետազոտության արդյունքում: ՀԿ համապատասխան զեկույցի համաձայն՝ կոռուպցիոն դրսևորումներն ակնհայտ են հատկապես պոլիկլինիկաներում քաղաքացիներին հաշմանդամության կարգ տրամադրելու ժամանակ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը:
Ուսումնասիրությունը կատարվել է Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում` հաշվի առնելով բնակչության խտությունը ինչպես նաև հաշմանդամների թիվը։ Ուսումնասիրության նպատակով այդ մարզերում ընտրվել է բժշկասոցիալական փորձաքննության 9 հանձնաժողով: Հարցմանը մասնակցել է 450 շահառու: Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում առկա կոռուպցիոն դրսևորումներին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Արա Մելիքջանյանը կարծում է, որ սա կոնկրետ ազդակ է ուղղված ինչպես նախարարությանը, այնպես էլ ոլորտի մյուս շահագրգիռներին:
«Լոգոս»-ը, ի դեպ, ուսումնասիրությունը սկսել է Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրիի մասնաճյուղի ահազանգի վրա։ Մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Արմինե Նիկողոսյան:
Շահառուների դժգոհություններին ու «Լոգոս»-ի զեկույցին ծանոթ են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Սակայն այլ բան է դրանց ծանոթ լինելը, բոլորովին այլ բան` դրանց հետ չհամաձայնելը:
Նախարարության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ ուսումնասիրությունը կատարվել է բացառապես հարցման հիման վրա, ինչը խնդրին միակողմանի մոտեցում է:
Ինչ վերաբերում է հերթագրմանը, գոյություն ունի համապատասխան կարգ, որին շատերը չեն հետևում և անտեղի մեղադրում են հանձնաժողովներին արհեստական հերթ գոյացնելու մեջ:
Նախարարության ներկայացուցիչը չի ժխտում, կան կոռուպցիոն երեույթներ անգամ որոշ փաստարկներ են եղել: Միայն թե դա արդեն իրավապահ մարմինների գործն է՝ ասում է: