ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության (ԵՄ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց թվում էին նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
ԵՄ պաշտոնյաները կարևորել են Արման Թաթոյանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով նրա ակտիվությունը և պատրաստակամություն են հայտնել զարգացնել Պաշտպանի և ԵՄ հաստատությունների միջև համագործակցությունը՝ ընդլայնելով ու դարձնելով այն շարունակական:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Արման Թաթոյանը բարձրացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ եվրոպական գործընթացներին մասնակից դարձնելու հարցը, հատուկ նշել է լուրջ մտահոգությունը լրագրող Ա. Լապշինի Ադրբեջանին հանձնելու որոշման և դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին և ընգծել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվանան այցերը Արցախ:
Պաշտպանը նրան է ներկայացրել 2016 թվականի 29-ի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով: