Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Արդյունավե՞տ են արդյոք Արմավիրում զբաղվածության պետական ծրագրերը

$
0
0

Զբաղվածության խթանման տարբեր ծրագրերը պետությունն ուղղում է աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան աշխատուժի որակավորման, մասնագիտական նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու համար: Արմավիրի տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրողների մի մասը այդ ծրագրերի միջոցով աշխատանք է գտել, մյուսները սպասում են:

 

Վստահելի գործատուների հետ աշխատելն ավելի նպատակահարմար է, այդ գործատուների հետ իրականացնում ենք  զբաղվածության խթանման տաբեր ծրագրեր` ասում է զբաղվածության պետական գործակալության Արմավիրի տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը:

Զբաղվածության խթանման պետական  ծրագրերը պետությունն իրականացնում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող աշխատուժի համար: Եթե կրթություն ստացած քաղաքացին  իր մասնագիտությամբ աշխատանք չի գտնում և ցանկություն ունի աշխատելու որևէ  արտադրությունում, ձեռնարկությունում, ապա կարող է  նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերել զբաղվածության պետական ծրագրերի միջոցով: Արմավիրի տարածքային կենտրոնում անցած տարի իրականցվել է 10-ից ավելի ծրագիր:

Տնօրենը նշեց, որ մասնագիտական ուսուցման ծրագրով  30 անձից  30 տոկոսն ապահովվել է աշխատանքով: Նրանք վարսահարդարներ են, տակառագործներ, վաճառողներ, հացթուխներ, ինչպես նաև վերջին տարիներին Արմավիրում  մեծ տեղ գտած չրի արտադրության բանվորներ: Զբաղվածության պետական ծրագրերից է «Միանվագ փոխհատուցում գործատուին» ծրագիրը, երբ պետական միջոցներն ուղղվում են գործատուին զբաղվածության կենտրոնից  գործուղված աշխատանք փնտրող անմրցունակ անձին նոր կարողություն ու հմտություն  ձեռք բերելու համար: Անմրցունակ անձանց թիվը կենտրոնում գրեթե 2000 է:

«Մենք  գործատուին տրամադրում ենք 200 000 դրամ և ուղեգրով գործուղում ենք մեր աշխատանք փնտրողին, գործատուն պայմանագիր է կնքում, որ պարտավորվում է 2 և ավելի տարիներ պահպանելու է աշխատատեղը»:

Վարազդատ Ասատրյանը վստահեցրեց, որ այս ծրագրով աշխատանքի տեղավորված քաղաքացիների աշխատավարձը  գրեթե 90 000 դրամ է: Մասնագիտական ուսուցման դասընթաց է կազմակերպվել նաև մատուցողների, գազալցակայններում աշխատողների համար: «Մատուցողին մասնագիտական ուսուցման դասընթաց ենք կազմակերպել, ուսուցման համար կրթաթոշակ ենք տվել, 200000 դրամ փող ենք ծախսել, աշխատատեղ ենք ապահովել»,- ասաց Վարազդատ Ասատրյանը:

Զբաղվածության կենտրոնը տարին մեկ անգամ կազմակերպում է նաև աշխատանքային տոնավաճառ, որտեղ անմիջական շփման մեջ են գործազուրկն ու գործատուն, արդյունքում 20 աշխատանք փնտրող գտել է հարմար  աշխատանք, նրանցից 5-ը՝ գործազրկության ծրագրով: Ծրագրային պարտավորությունների խախտման դեպքում գործատուին փոխանցված գումարը վերադարձվում է պետական բյուջե:

Զրուցակիցս նույնպես մասնակցել է աշխատանքային տոնավաճառին, սակայն համապատասխան աշխատանք չի գտել: «Մասնագիտությամբ բուժքույր եմ, կարճ ժամանակամիջոցում եմ աշխատել իմ մասնագիտությամբ, հիմա էլ եմ փնտրում: Մասնակցել եյմ զբաղվածության կենտրոնի կողմից կազմակերպված տոնավաճառին, սակայն աշխատանք չեմ գտել: Ամռանը զբաղվում եմ սեզոնային աշխատանքով»,- ասում է զրուցակիցս:

2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով զբաղվածության պետական  գործակալության Արմավիրի տարածքային կենտրոնում հաշվառված է եղել  3763 աշխատանք փնտրող, 3001 գործազուրկ: Իմ այցելության օրը Արմավիրի զբաղվածության կենտրոն էր դիմել 6 աշխատանք փնտրող, որոնց ներկայացվել են թափուր աշխատատեղերը: Լիլիթ Աբրահամյանը նշեց, որ թափուր աշխատատեղերը  համակարգչային տարբեր ծարգրերի  օպերատորներ են՝ 2-3 օրից կգան, կիմանանք՝ աշխատանքի ընդունվել  են, թե ոչ:

Զբաղվածության կենտրոններ դիմում են հիմնականում միջին մասնագիտական կրթությամբ անձինք, մեծամասամբ՝ կանայք:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles