Quantcast
Channel: Հասարակություն —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 5459

Այսօրվա երիտասարդությունը խոցելի է և լիարժեք ինքնուրույն չէ.հետազոտություն

$
0
0


Անկախության սերնդի շրջանում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ հայաստանյան երիտասարդներին բնութագրական է հասարակական կյանքում  վարքի անորոշության մեծ աստիճանը: Հետազոտությունը, որը կատարվել է 2016 թվականի առաջին եռամսյակում 14-29 տարեկան երիտասարդների շրջանում, բացահայտում է Հայաստանի երիտասարդների մտահոգությունները, ձգտումները, արժեքներն ու կենսակերպը:  Հարցումներին մասնակցել են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի երիտասարդները: Ընդհանուր առմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի այսօրվա երիտասարդությունը խոցելի է և լիարժեք ինքնուրույն չէ:


Հայաստանյան երիտասարդությունը լավատես է, կտրուկ իր դիրք որոշումներում, բայց և տարբերակված արական-իգական, քաղաք-գյուղ, աշխատող-չաշխատող: Այս իմաստով, լինելով հակասական ամբողջություն, անկախության սերունդը դժվար է բնութագրել միանշանակորեն: Նրանց կարծիքներում միախառնված են հետխորհրդայինը, ազգայինն ու համաշխարհայինը և նրանց բնորոշ է արժեքների երերուն բնույթն ու անորոշությունը: Մի դեպքում նրանք արտահայտում են ազատական դիրքորոշումներ, մեկ այլ դեպքում՝ պահպանողական: Ահա թե ինչ է պարզել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտությունը , որը կատարվել է 14-29 տարեկան 1200 երիտասարդների շրջանում: Հարցումներին մասնակցել են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի երիտասարդները: Մեծապես կարևորելով այս հետազոտության արդյունքները՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ներկայացուցիչ Յուլիա Բլեզիուսը նկատեց, որ երիտասարդությունն է հասարակության այն զանգվածը, որը փոփոխություններ է նախաձեռնում, առաջ տանում դրանք և հաջողում:

«Արդյունքները երկու պատկեր են ցույց տալիս: Նախ ընդգծվեցին խնդիրները կրթության և գործազրկության բնագավառում: Արդյունքները ցույց են տալիս նաև, որ կա խումբ, որը ցանկանում է փոփոխություններ և պատրաստ են այդ փոփոխությունները առաջ տանել»:

Հետազոտությունը բացահայտում է նաև հսկայական անհամաչափություն մայրաքաղաքում ու շրջաններում ապրող երիտասարդների, ինչպես նաև արական և իգական մասնակիցների միջև: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Հարություն Վերմիշյանը մի քանի օրինակ բերեց:

«Ընտանիքը թիվ 1 արժեքն է: Ուսումնասիրված երիտասարդների կյանքի հիմնական նպատակը ծնողներին հպարտացնելն է: Գյուղ-քաղաք տարբերության համատեքստում օրինակ ներքին միգրացիային ավելի շատ հակված են գյուղաբնակները, քան՝ քաղաքաբնակները: Ժամանցի տեսանկյունից հիմնական տեղեկատվության աղբյուրը համացանցն է: Առավել շատ երիտասարդներն իրենց էթնիկ ինքնությունն են ֆիքսում՝ ես հայ եմ, ես քրիստոնյա եմ, ես իմ ծնողների զավակն եմ: Քաղաքական տեսանկյունից հարց էր հնչել, եթե ԱԺ ընտրություններն այսօր լինեն, կմասնակցե՞ք կամ կողմնորոշվա՞ծ եք ում օգտին եք քվեարկելու, առավել կողմնորոշված էին և պատրաստ էին մասնակցել ընտրություններին գյուղաբնակները»:

Ինչ վերաբերում է կրթությանը, այն չի դիտարկվում որպես մշակութային կապիտալի զարգացման միջոց: Մասնավորապես՝ կրթություն ստանալը չի համարվում գիտելիք ձեռքբերելու կամ ապագայում մասնագիտական աշխատանք իրականացնելու գրավական: Այս առումով, իհարկե, ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը ևս մեծ կարևորություն է տալիս հետազոտության արդյունքներին, թեև նկատում է, որ նոր հարցադրումներ գրեթե չկան:

Հետազոտության արդյունքների մի մասի հետ համամիտ է, բայց կան հարցեր, որոնք վիճելի են և քննարկման կարիք ունեն՝ ասում է:

Ընդհանուր առմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի այսօրվա երիտասարդությունը խոցելի է և լիարժեք ինքնուրույն չէ։ Եթե հետազոտության հիման վրա ստեղծենք  հայաստանյան երիտասարդի հավաքական կերպարը, ապա քիչ հավանական է, որ նա երաշխավորված աշխատանք ունենա իր մասնագիտության ոլորտում: Փոխարենը՝  աշխատանք ստանալու հարցում մեծ է «ծանոթներ» ունենալու դերը:


Viewing all articles
Browse latest Browse all 5459

Trending Articles