Պարզվում է մեր երիտասարդները ճիշտ ընտրություն չեն կատարում ապագա մասնագիտությունն ընտրելիս: Այս հարցում դեռեւս գործում են կարծրատիպեր: Հնարավոր է՝ պետությունը չի կարողանում ճիշտ քարոզչություն իրականացնել՝ հասարակությանն ուղղորդելու, թե որ ոլորտներում կա մասնագետների պահանջարկ: Այսօր օրինակ շատերի համար անակնկալ է՝ 500 հազար դրամից սկսվող աշխատավարձով կան թափուր աշխատատեղեր, բայց անհրաժեշտ մասնագետներ չունենք: Փոխարենը՝ունենք բազմաթիվ գործազուրկ ուսուցիչներ, տնտեսագետներ, լեզվաբաններ եւ բժիշկներ: Վարչապետի մոտ տեղի ունեցած հերթական քննարկումներից մեկն ինչ- որ չափով առնչվել է հենց այս խնդիրներին:
Մեր հասարակության համար ընդունված ավանդույթ է, որ ոչ միայն երեխայի ծնողները, այլեւ տատիկ-պապիկները նախապես՝ ծնված օրվանից, որոշում են, թե ինչ մասնագիտություն է ապագայում ընտրելու իրենց զավակը: Պատճառներից մեկն էլ հենց սա է, որ արագընթաց զարգացող աշխարհի միտումներին չհետեւող եւ անտեղյակ ավագ սերնդի պատճառով այսօր Հայաստանում կա բարձր աշխատավարձով բազմաթիվ թափուր աշխատատեղեր հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Ռադիոլուրի» հետ զրույցում իրողությունը փաստում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Ոլորտի մասնագետները վերջին տարիներին համոզվել են՝ IT ոլորտով երեխաներին հետաքրքրելու դեպքում ստացվում են լուրջ արդյունքներ: Հատկապես Գյումրին եւ Վանաձորը համարվում են բացահայտում: Բացի Երեւանից նաեւ այնտեղ կան ռոբոտաշինության, միկրոէլեկտրոնաիկայի եւ բազմաթիվ այլ լաբորատորիաներ ու ուսումնական կենտրոններ: Արդյունքում՝ դպրոցահասակ երեխաներն այսօր ստեղծում են տարատեսակ արտադրանք՝ խաղերից մինչեւ ռոբոտների եւ անօդաչու սարքերի կառավարում ու նույնիսկ հասարակական տրանսպորտի վերահսկման ծրագիր:
Հաջողված այս փորձերն ապացուցել են՝ անհրաժեշտ է բուհական լսարաններից անցնել դեպի գործնական պարապմունքներ: Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները մշակել են բնագավառի զարգացման առաջարկություն-փաթեթ եւ երեկ այն ներկայացրեցին վարչապետին: Առաջնային լուծում է պահանջում երկու խնդիր՝ անհրաժեշտ քանակությամբ եւ որակի մասնագետների պատրաստում ու գործարար միջավայրի բարելավում:
Ներկայացված փաթեթով ակնկալվում է մինչ 2025 թվականը Հայաստանում ստեղծել 40 հազար ինժեներական աշխատատեղ եւ հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներգրավել ոչ միայն սփյուռքահայ, այլեւ արտերկրի բարձրակարգ մասնագետների: Հայաստանյան IT ոլորտն ունի անհրաժեշտ ներուժը ոչ միայն տնտեսության շարժիչ ուժը դառնալու համար, այլեւ միջազգային շուկա դուրս գալու համար:
Ի դեպ, Բագրատ Ենգիբարյանը շեշտում է՝ «միջազգային շուկա արդեն դուրս ենք եկել»:
Միջազգային շուկա դուրս գալու հաջողված փորձերից կարելի է համարել օրինակ «Սքայլայն» ընկերությունը, որը զբաղվում է եռաչափ մուլտիմեդիայի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Գուրգեն Պարոնյանի ներկայացմամբ՝ իրենց արտադրանքը պահանջված է արտերկրում:
Որպես ձեռքբերում ունենք հայկական պլանշետ եւ նույնիսկ «Արմֆոն» ժամանակակից հեռախոսը, նաեւ հայ ծրագրավորողների բազմաթիվ ծրագրեր համարվում են լավագույնը աշխարհում: Բայց սրանով բավարարվել պետք չէ:
Վարչապետը երեկվա խորհրդակցության ավարտին պատրաստակամություն է հայտնել աջակցել ներկայացված փաթեթին, բայց այն բավարար չհամարելով նաեւ հորդորել է ոլորտի մասնագետներին ներկայացնել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկներ: