Ճանապարհային ոստիկանությունը Մյասնիկյան պողոտայի եւ Հերացի փողոցի հատվածում երթեւեկության փոփոխություն է իրականացրել։ Հունվարի 11-ից ժամը 08.00-10.00-ը, պարբերաբար Երևանի Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներն Աբովյան պուրակի շրջանաձև երթևեկության հատված կարող են մուտք գործել միայն Շարիմանյան փողոցից: Սարալանջի պողոտայի հատվածով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները կերթևեկեն ներկայումս գործող սխեմայի համաձայն՝ հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։